Շատերին միանգամից պաշտոնից հեռացնելը խնդրահարույց է. Իոաննիսյան

«Փաշինյանի համար պարզ էր, որ այն ակնկալիքները, որոնք հանրությունն ուներ իրավակարգի հետ կապված իշխանություններից, չեն բավարարվում, և անհրաժեշտ են ինչ-որ ռադիկալ փոփոխություններ, որովհետև դա հաջորդ ընտրություններին, որոնք սարերի հետևում չեն, կարող է իշխանությունների ռեյտինգի վրա ազդել», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ խոսելով մեկ օրում առանցքային կառույցներից վեց պաշտոնյայի հեռացման մասին։

Ըստ նրա՝ այս առումով իշխանությունը և վարչապետ Փաշինյանը հասկացան, որ պետք է ռադիկալ քայլերի գնալ, որպեսզի իրավիճակը փոխվի, և հանրային վերաբերմունքը, և հանրային գնահատականը փոխվեն այս առումով։

Հարցին, թե հետևաբար մեկ գիշերվա մեջ 6 բարձրաստիճան պաշտոնյայի հեռացումը ավելի շատ նախընտրական փաթեթավորում ունե՞ր, Իոաննիսյանը պատասխանեց. «Ժողովրդավարական երկրում ամեն ինչն է նախընտրական, այսինքն, նորմալ է, որ իշխանությունը մտածում է, որ այս կամ այն հարցում հանրության կարիքները կամ ցանկությունները բավարարելու համար պետք է այս կամ այն քայլն անի»։

Այսօր վարչապետի հորդորով պաշտոնից ազատման դիմումներ են գրել Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեների ղեկավարները, ԲԴԽ և ՊԵԿ նախագահները, ներքին գործերի և տարածքային կառավարման նախարարները:

Ուրբաթ օրը պարզ դարձավ, որ վարչապետը դժգոհ է դատաիրավական համակարգում փոփոխություններից, երբ նա կառավարության նիստում կոշտ քննադատեց իր կաբինետի անդամներին՝ զգուշացնելով, թե իր համբերության բաժակը լցվել է: Այսօր նա հայտարարեց՝ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։

«Ձևը խնդրահարույց էր ուրիշ առումով էլ, որ այդ շատերին միանգամից պաշտոնից հանելը և ինչ-որ առումով կոլեկտիվ պատասխանատվության ինստիտուտը շատ խնդրահարույց է...երբ միանգամից բոլորին ես հանում, իրենց փոխարեն եկող պաշտոնյաների մոտ այն տպավորությունն է լինելու, որ դե ինչի համար լավ աշխատենք, հանելուց բոլորիս կհանի, չհանելուց չի հանի», - նկատեց Դանիել Իոաննիսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում.