Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրում է էկոնոմիկիայի փոխնախարար Նարեկ Տերյանի ու նրա կնոջ մասին հետաքննությունը։ «Սիվիլնեթ»-ն է միջազգային գործընկերոջ հետ հետաքննել ու պարզել, որ փոխնախարարի կինն աշխատում է «ՌԻԴ» ընկերությունում, որի ծրագրերից մեկը համակարգում է պաշտոնյա ամուսինը։
Արդյոք սա շահերի բախում չէ. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանն «Ազատության»-ը փոխանցեց՝ սկսել են ուսումնասիրել նյութերը, բայց այս պահին դեռ չեն կարող ասել՝ ինչ որոշում կկայացնեն, վարույթ դեռ չեն հարուցել։
«ՌԻԴ»-ը նախատեսում է Արագածի լանջերին կառուցել լեռնադահուկային, էկո-տնտեսական կենտրոն։ Այստեղ լեռնադահուկային համալիր կառուցելու ծրագիր էր ներկայացրել նաև «Արագեյթ ինվեսթմենթս» ընկերությունը։ Գործընթացը սկսվել է դեռ 2019-ից։ Միջգերատեսչական հանձնաժողովը, որի ղեկավարը փոխնախարար Տերյանն էր, մրցակից ընկերությունից բարձր է գնահատել «ՌԻԴ»-ի հայտը։ 2023-ի մարտին կառավարությունը հաստատել է «ՌԻԴ»-ի ծրագիրը, որը 200 միլիոն դոլարի ներդրում պետք է անի։ Այսինքն՝ Նարեկ Տերյանը ներդրումային ծրագրի ընտրող միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավարն է եղել և ի պաշտոնե համակարգում է այդ նույն ընկերության ներդրումային ծրագիրը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արագածի լանջին 350 մլն դոլարի ներդրում առաջարկած ընկերությունը 1.5 տարուց ավելի է` սպասում է կառավարության վերջնական որոշմանըԸստ հետաքննող լրագրողների՝ «Արագած» ծրագրի հաստատումից երկու ամիս անց փոխնախարարի կինը՝ Յուլյա Տերյանը, աշխատանքի է անցել «ՌԻԴ» ընկերությունում։ Դա նշված է Տերյանի անցած տարվա եկամուտների ու ծախսերի հայտարարագրում։
Վարուժան Հոկտանյանը սա ակնհայտ շահերի բախում է համարում
«Թրանսփարենսի ինթերնեշընլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանն ակնհայտ շահերի բախում է համարում, որ փոխնախարարի կինն աշխատում է այն ընկերությունում, որի ծրագրերից մեկն ամուսինն է համակարգում։ Ըստ Հոկտանյանի՝ ազդեցության չարաշահման ռիսկ կարող է լինել, նաև էթիկական խնդիր կա։
Տուգանքն այնքան փոքր է, որ պաշտոնյաներին չի կաշկանդում նույնը շարունակել. լրագրող
Մինչ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կորոշի՝ շահերի բախում կա թե չէ, հոդվածի հեղինակ Մկրտիչ Կարապետյանն ընդգծում է՝ անգամ եթե հաստատվի այդ խախտումը, տուգանքն այնքան փոքր է, որ պաշտոնյաներին չի կաշկանդում նույնը շարունակել։ Օրինակ՝ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին հանձնաժողովը վերջերս տուգանեց ընդամենը 300 հազար դրամով համայնքին պատկանող հողը ամուսնու մորը օտարելու, վաճառելու համար։
«Շատ դրվագներ կան, երբ շահերի բախման դեպքում ընդամենը այդ տուգանքն է, որը ընդհանրապես համահունչի չի այդ մարդկանց ստացած օգուտներին։ Պետք է ընդամենը, երբ արձանագրվում է շահերի բախում, դրանից հեռո առոչինչ համարել պայմանագիրը», - նշեց նա։
Էկոնոմիկայի նախարարության արձագանքը
Այս հետաքննությունը հրապարակվել է չորս օր առաջ։ Փոխնախարար Տերյանն անձամբ չի արձագանքել դրան։ Էկոնոմիկայի նախարարությունից «Ազատության»-ը փոխանցեցին, թե նա չի խոսելու, և պարզաբանեցին՝ Նարեկ Տերյանը դեռ չէր աշխատում, երբ սկսվել են «Արագած» ներդրումային ծրագրի քննարկումները պետական գերատեսչությունների հետ։ Գործընթացը 2019-ից է սկսվել, իսկ Տերյանը պաշտոնի է նշանակվել 2021 թվականին։
«Ինչ վերաբերում է տիկին Տերյանին, ապա նա «ՌԻԴ» ՍՊ ընկերությունում իրականացնում է վերոնշյալ ծրագրի հետ որևէ առնչություն չունեցող պարտականություններ, որոշումների կայացման վրա չունի որևէ ազդեցություն, հետևաբար տվյալ պարագայում չի կարող առաջանալ շահերի բախում», - նշել են գերատեսչությունից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արագածի լանջին մեծ ներդրում առաջարկած ու մերժված ընկերությունը կասկածում է մրցույթի անաչառությանըՆախարարությունից այդպես էլ չեն անդրադարձել այն հանգամանքին, որ այդ ընկերության հայտը հաստատվել է արդեն Նարեկ Տերյանի նշանակման օրոք, երբ նա միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավար էր ու որպես փոխնախարար էլ համակարգում է ծրագիրը։
«Մեր ու նախարարության գրագրությունից ակնհայտ է, որ Նարեկ Տերյանն Էկոնոմիկայի նախարարությունում համակարգում է «ՌԻԴ»-ի ծրագիրը, երկրորդ՝ «ՌԻԴ»-ի հետ կապված ծրագրում ստեղծվել էր միջգերատեսչական հանձնաժողով, որի նախագահը եղել է Նարեկ Տերյանը, այսինքն՝ այս երկուսն արդեն բավական փաստեր են, որ պնդենք, որ նա չէր կարող ազդեցություն չունենալ», - ասաց լրագրողը։
Արդյոք փոխնախարարի գործողություններում կա՞ կոռուպցիոն ռիսկ, պաշտոնեական դիրքի չարաշահում կամ շահերի բախում, թերևս ամիսներ կտևի, մինչև որոշումը լինի, հայտնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։