Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արդարացրած դատավորը հնարավոր է զրկվի պաշտոնից։
Վահե Միսակյանին արդեն երրորդ անգամ են ներկայացնում կարգապահական պատասխանատվության։ Առաջինը 2022 թվականին էր՝ նկատողություն, երկրորդն ամիսներ առաջ էր՝ խիստ նկատողություն, երրորդն էլ հիմա է քննվում։ Եվ եթե Բարձրագույն դատական խորհուրդը ևս մեկ անգամ պատժի դատավորին, նրա լիազորությունները կդադարեցվեն։
Դատավորների գործունեությունը վերահսկող մարմինը վերջին վեց տարում կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքով 17 դատավորի լիազորություն է դադարեցրել։
«Համաձայն չեմ միջնորդության հետ, բնականաբար: Ես այդ ուղղությամբ եմ հիմա աշխատում, որ ամսի 23-ի նիստին իմ արգումենտները ամբողջական ներկայացնեմ: Եկեք նիստի ժամանակ հետևեք, ես ինչ արգումենտներ ունեմ՝ նիստի ժամանակ ներկայացնելու եմ», - «Ազատությանն» ասաց Միսակյանը:
Այս պահին Բարձրագույն դատական խորհուրդը քննում է նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով Միսակյանի թույլ տված հնարավոր խախտումների մասին Արդարադատության նախարարության միջնորդությունը։ Բայց արդյո՞ք նախարարության դժգոհության առիթը կարող է նաև Սերժ Սարգսյանի արդարացումը լինել, դատավոր Միսակյանը չցանկացավ այս հարցին պատասխանել. - «Չէ, էդ հարցին չեմ ցանկանա պատասխանել, որովհետև կոռեկտ չի էդ հարցին պատասխանելը»:
Հուլիսին վառելանյութի յուրացման գործով արդարացված երրորդ նախագահի փաստաբան Ռուբեն Հակոբյանը ևս զերծ է մնում նման գնահատականից. - «Ես իրավաբան եմ, կարծիք կարող եմ ձևավորել, երբ ծանոթ լինեմ կարգապահականի նյութերին»:
Արդարադատության նախարարությունը պնդում է՝ դատավոր Միսակյանը ձգձգել է իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչերի համար մեղադրվող նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի դատավարությունը։ Միսակյանը 2021-ից իր սեղանին գտնվող գործը քննել ու Մանուկյանին մեղավոր է ճանաչել ամիսներ առաջ՝ այս հունիսին, և որպես պատիժ նշանակել 400 հազար դրամ տուգանք։
«Նման գործերի քննության առավելագույն ժամկետը երկու տարին է համարվում՝ դա եթե ընդունենք նման տեսակի գործի ամենաբարդ քննության հնարավորությունը: Եվ ինքնին գործի քննությունն էլ դա ցույց է տվել, որ շատ կարճ ժամանակահատվածում էր հնարավոր այս գործին լուծում տալ, որովհետև ընդամենը չորս դատական նիստի անցկացման միջոցով դատավորը հնարավորություն է ունեցել լուծել գործը, այնինչ ընդհանուր առմամբ նշանակել է 18 դատական նիստ, որից 14-ը հետաձգել է», - հայտարարել է արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանը:
Երեկվա նիստում Միսակյանի գործելաոճում խնդիրներ հայտնաբերած Սուջյանին, սակայն, դատավորը հակադարձել է՝ իր աշխատանքը բարեխիղճ է կատարել, երբեմն այլ նիստերի պատճառով է հետաձգել Մանուկյանի դատավարությունը:
«Արգելանքի տակ գտնվող անձով դատական նիստը նշանակելը պայմանավորված է եղել հարկադրված և հրատապ անհրաժեշտությամբ, որովհետև էդ նիստը երեք օր առաջ է նշանակված եղել, այնինչ կրկին ոստիկանության ուղեկցողների գումարտակի կամ քրեակատարողական հիմնարկի ոչ պատշաճ աշխատանքի արդյունքում մեղադրյալը չի ներկայացվել դատարան, որպեսզի խափանման միջոցի հարցը քննարկվի, ու դատական նիստը երկու պաշտպանի և դատախազների հետ աշխատակազմի միջոցով հնարավորինս փորձել են կազմակերպել, որպեսզի դատական նիստ նշանակեմ, որովհետև հաջորդ օրը խափանման միջոցի ժամկետը լրանում էր», - ասել է Վահե Միսակյանը:
Դատավորն իր փաստարկները պատրաստվում է առաջիկա նիստին ներկայացնել։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի գործին, ապա Դատախազությունն արդեն բողոքարկել է արդարացման վճիռը։ «Ազատության» հետ զրույցում Միսակյանը սա նորմալ դատավարական ընթացակարգ որակեց, բայց շեշտեց՝ իր համոզմունքը, որ նախկին նախագահն արդար է, արտացոլված է վճռում։
«Ես էլի եմ ասում՝ էդ ամեն ինչը տրամաբանական է, իմ համոզմունքը ակտի մեջ շարադրված է», - ընդգծեց Վահե Միսակյանը:
Ինքը՝ նախկին նախագահը, Վահե Միսակյանի կողմից արդարացվելուց անմիջապես հետո ուղիղ չէր պատասխանել դատավորի անկախության մասին հարցին. - «Վստահ եղեք, որ Դատախազությունը կբողոքարկի, մեկ, երկու, երեք, չորս դատավորների որոշումներով չի կարելի բնութագրել՝ մեր երկրում իրո՞ք արդարադատությունը իր բարձրության վրա է, թե՞ չէ», - ասել էր Սերժ Սարգսյանը:
Վահե Միսակյանը դատավոր է նշանակվել Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ 2017 թվականին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Սերժ Սարգսյանի արդարացման որոշումըՍասուն Խաչատրյանը՝ Սերժ Սարգսյանի գործի մասին. Ունեցել ենք այն համոզմունքը, որ տեղի է ունեցել հանցանքԴատարանն արդարացրեց Հայաստանի երրորդ նախագահին