Սերբիայում ամիսներ ընթացող հակակառավարական ցույցերից երեք ամիս անց հրաժարական տվեց վարչապետ Միլոշ Վուչևիչը։

Սերբիայի կառավարության դեմ զանգվածային ցույցերը սկսվել էին երկրի մեծությամբ երկրորդ՝ Նովի Սադ քաղաքում նոյեմբերի 1-ին երկաթուղային կայարանում տեղի ունեցած փլուզումից հետո, որի հետևանքով 15 մարդ զոհվել էր։
Դրանք մեկնարկեցին ողբերգության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և թափանցիկ հետաքննություն անցկացնելու պահանջներով։ Հետագայում, սակայն, ցուցարարները սկսեցին նաև պահանջել կառավարության հրաժարականն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացում։
Հենց այդ պահանջի համար երեկ գիշեր հազարավոր ուսանողներ և քաղաքացիներ փակել էին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի ամենաբանուկ ճանապարհներից մեկը։

Չնայած ամիսներ ընթացող զանգվածային ցույցերին՝ Սերբիայի վարչապետը իր որոշումը պայմանավորել է Նովի Սադ քաղաքում ակտիվիստ ուսանողների վրա գիշերային հարձակման միջադեպով։

Սերբական լրատվամիջոցները հաղորդում են, որ մի խումբ անձինք բեյսբոլի մահակներով գիշերը հարվածներ են հասցրել երեք ակտիվիստ աղջիկների, որոնցից մեկը ծանր վիրավորվել է, մյուսը՝ թեթև վնասվածքներ ստացել։
«Եվ դա է պատճառը, որ երեկ երեկոյան Նովի Սադում տեղի ունեցած այս իրադարձությունից հետո իմ անբեկանելի որոշումն է հրաժարական տալ Սերբիայի Հանրապետության վարչապետի պաշտոնից։ Ես երկար հանդիպում ունեցա նախագահի հետ։ Առավոտյան երկար զրուցեցի հանրապետության նախագահի հետ, մենք խոսեցինք ամեն ինչի մասին, մենք խոսեցինք այս մասին, և նա ընդունեց իմ որոշումը, նա ընդունեց իմ փաստարկները», - ասել է նա:
Հրաժարական է ներկայացրել նաև Նովի Սադի քաղաքապետը։ Ըստ սերբական լրատվամիջոցների՝ ուսանողների վրա հարձակման համար կասկածվող չորս անձ է ձերբակալվել։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, որ ավելի վաղ ցուցարարներին մեղադրում էր երկիրն ապակայունացող «օտարերկրյա ուժերի» հետ համագործակցության մեջ, երեկ երկխոսության կոչ է արել և խոստացել մեղմել իրավական գործողությունները ցույցերին ձերբակալված մասնակիցների նկատմամբ։