«Սարգիսը հերոս է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարգարիտա Շահնազարյանը։
Նրա ամուսնուն՝ Սարգիս Գալստյանին, դատարանը օրեր առաջ մեղավոր ճանաչեց Ադրբեջանի օգտին լրտեսության համար, դատապարտեց 18 տարով։ Արցախի հայաթափումից հետո ամուսինները երկուսով մնացել էին Ստեփանակերտում։
«Սարգիս Գալստյանը չի պատկերացնում իր կյանքը առանց Արցախի», - հավելեց Մարգարիտա Շահնազարյանը։
Մեղադրող կողմը պնդում է՝ Գալստյանն ադրբեջանական հատուկ ծառայության ներկայացուցչի առաջարկով է մնացել Արցախում ու նրանց հետ համագործակցել:
«Հավաքել է բազմաթիվ տեղեկություններ, որոնք վերաբերել են Արցախում տիրող ռազմական դրության, ժողովրդի սոցիալ-հոգեբանական վիճակի, հնարավոր ռազմական դրության վերաբերյալ», - ասաց Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Կիմ Հարությունյանը։
Նա շեշտեց՝ կա ինքնախոստովանական ցուցմունք:
Մարգարիտա Շահնազարյանը պնդում է`ամուսինն իրեն փրկելու համար է այդ ցուցմունքը գրել, հետո նաև դատարանում հերքել է գրածը. - «Սարգիսի խոստովանություն գրելու նյութը ես էի»։
Նրանց փաստաբան Կոչուբաևը դեռ ամիսներ առաջ էր ահազանգել՝ Գալստյանը ճնշումների է ենթարկվել։
Ըստ փաստաբանի՝ Գալստյանն ինքնախոստովանական ցուցմունք գրել է կնոջ ազատության դիմաց, և կինն այժմ ազատության մեջ է։ Դատախազ Հարությունյանը հակադարձում է՝ այդպիսի հանցագործության մասին հաղորդում չի եղել։
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.