Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն իրենց իսկ նախորոշած ժամկետում կանոնակարգի նախագիծը չհամաձայնեցրին: Թե ինչու, ինչ խնդիրներ առաջացան, ո՛չ Երևանից, ո՛չ Բաքվից չեն մանրամասնում: Երկու երկրների սահմանազատման հանձնաժողովները նույնաբովանդակ հաղորդագրություններում համառոտ փոխանցում են՝ փաստաթղթի համաձայնեցման աշխատանքները շարունակվում են, բանակցություններն էլ, կողմերի պնդմամբ, կառուցողական են:
«Հուլիսի 1-ի դրությամբ հանձնաժողովներն աշխատանքային կարգով միմյանց են փոխանցել կանոնակարգի նախագծերը և անցկացրել են մի շարք քննարկումներ», - ասված է հաղորդագրությունում:
Մինչդեռ ապրիլի 19-ին Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովները պայմանավորվել էին կանոնակարգի նախագիծը համաձայնեցնել մինչև հուլիսի 1-ը և հետո անցնել դրա ներպետական հաստատմանը՝ Հայաստանի և Ադրբեջանի օրենսդրություններին համապատասխան:
Այդ փաստաթղթում պետք է ամրագրվեն սահմանազատման սկզբունքները, մասնավորապես` հղումը Ալմա-Աթայի հռչակագրին: Ադրբեջանի պահանջած չորս գյուղերը վերադարձնելուց հետո հայաստանցի պաշտոնյաները պնդում են, թե Բաքուն համաձայնել է դելիմիտացիայի գործընթացում առաջնորդվել 1991 թվականին ընդունված այդ փաստաթղթով: Ինչո՞ւ չստացվեց ըստ սահմանված ժամանակացույցի կանոնակարգը համաձայնեցնել, հարցին այսօր հրաժարվեցին պատասխանել և՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և՛ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Կանոնակարգի հաստատումից է կախված նաև սահմանազատման հետագա ընթացքը: Ըստ նույն՝ ապրիլի 19-ի պայմանավորվածության՝ սահմանազատվող մյուս հատվածների հերթականությունը, այդ թվում՝ անկլավ-էքսկլավների, պետք է համաձայնեցվեր միայն այդ փաստաթղթի հաստատումից հետո:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն նախնական համաձայնեցրին սահմանագծի 4 առանձին հատվածներըԸնդդիմադիր պատգամավորը կարծում է՝ Բաքուն է խոչընդոտել կանոնակարգի համաձայնեցմանը
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծում է՝ Բաքուն է խոչընդոտել կանոնակարգի համաձայնեցմանը: Ասում է՝ Ադրբեջանի գործելաոճն է ուզածն ստանալուց հետո խախտել պայմանավորվածությունը:
«Քանի Ադրբեջանը կարողանում է առանց որևէ ընթացակարգի տարածք պոկել և հետո դա թղթով համաձայնեցնել, հաստատել, ինքը չի մտնի լրացուցիչ ինչ-որ գլխացավանքի տակ: Բայց ձախողումը ձախողման է հետևում, և դա կշարունակվի, քանի այս իշխանությունները լուռ ու մունջ, գլուխը կախ կատարում են Ադրբեջանի պահանջները, փոխարենը՝ ամբողջ իրենց զայրույթն ու ցասումը ոստիկանների միջոցով պարպում են ժողովրդի վրա», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց դաշնակցական պատգամավորը:
Հայաստանն ու Ադրբեջանն առանց կանոնակարգի հաստատման Տավուշում հատվածական սահմանազատում իրականացրին, արդյունքում՝ Բաքուն ստացավ պահանջած չորս գյուղերը, իսկ Երևանը, ինչպես հայաստանցի պաշտոնյաները ձևակերպեցին՝ «պետական սահման»:
Արթուր Խաչատրյանը հիշեցնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ փետրվարին արած հայտարարությունը, որ սահմանազատում կսկսեն միայն կանոնակարգի հաստատումից հետո: Այն, ինչ հետագայում տեղի ունեցավ, Խաչատրյանի գնահատմամբ, Ադրբեջանի պահանջն էր, որին Հայաստանի իշխանությունը չընդդիմացավ: Այժմ էլ, ըստ նրա, օրակարգ թելադրողը Բաքուն է:
«Ադրբեջանը ձեռը խփեց սեղանին, ասեց՝ «չէ, ոչ մի ընթացակարգ, ոչ մի բան, հենց հիմա փասափուսաներդ հավաքում եք և դուրս եք գալիս ինչ-որ մի տարածքից», որը Ադրբեջանը համարում է իրենը , ինչի հիման վրա՝ որևէ մեկս չի իմանում: Հիմա նույնն է եղել՝ իրենք ասեցին, որ հուլիսի 1-ին կհաստատեն ընթացակարգերը, վստահաբար Ադրբեջանը չի համաձայնվել, և որևէ արդյունք չունեն: Դա նշանակում է, որ Ադրբեջանը էլի մատը կարող է դնի սահմանի ցանկացած կետի վրա, ասի՝ «սա մերն է», և այս իշխանությունները էլի չակերտավոր խաղաղության համար, որպեսզի կռիվ չլինի, վախացնելով, շանտաժի ենթարկելով սեփական ժողովրդին՝ էլի կկտրեն կտան Ալիևին», - համոզված է ընդդիմադիր պատգամավորը:
Հայ - ադրբեջանական ավելի քան 900 կիլոմետրանոց սահմանից այս պահին մոտ 12 կմ է սահմանագծված։ Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ սահմանազատումը կշարունակվի, և ադրբեջանական զորքերը դուրս կգան հայկական օկուպացված տարածքներից: Բաքուն, մինչդեռ, չի ընդունում, որ իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքում են: