Սահմանազատման շրջանակում նախատեսվում է ՀՀ ինքնիշխան տարածքի վերականգնում. ԶՈՒ ԳՇ պետ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն Ազգային ժողովում պատասխանում է լրագրողների հարցերին, 28-ը հոկտեմբերի, 2024թ.

Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը համաձայն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որ Հայաստանը պետք է օկուպացված տարածքները հետ բերի ոչ ռազմական ճանապարհով:

«Այո, ես միանշանակ համաձայն եմ մեր վարչապետի ասածի հետ, որովհետև կա սահմանազատման գործընթաց, և սահմանազատման գործընթացի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վերականգնում համապատասխան սահմաններում», - այսօր Ազգային ժողովում լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց Ասրյանը՝ հավելելով. - «Այո, ես վստահ եմ: Այո, սահմանազատման, խաղաղ գործընթացներով դա հնարավոր է իրականացնել»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքուն ուզում է, որ ՀՀ-ի ճանապարհներն օգտագործելի լինեն իր համար, բայց միևնույն ժամանակ ՀՀ-ն մնա շրջափակման մեջ․ Փաշինյան

Հարցին էլ՝ «ի՞նչ տեղեկությունների արդյունքում է իշխանությունն ասում, որ պատերազմի վտանգ կա, Ադրբեջանը կարող է հարձակվել», Գլխավոր շտաբի պետն արձագանքեց. - «Ոչ, այդպիսի վտանգներ, սպառնալիքներ չկան ներկա դրությամբ, իրադրությունը գնահատվում է սահմաններում հարաբերականորեն կայուն»:

Ասրյանը վստահեցրեց, որ այս պահին դրությամբ ռազմական էսկալացիայի վտանգ չկա:

Հարցին՝ իսկ «քաղաքական ղեկավարությունը ինչի՞ վրա է վերլուծություն անում ու ասում, որ առաջիկայում, օրինակ՝ COP29-ից հետո, հնարավոր է ռազմական էսկալացիա», ԳՇ պետը պատասխանեց. - «COP29-ից հետո հնարավոր է լինի մեկ ամիս, երկու ամիս, երեք ամիս, չորս, հինգ, վեց, յոթ, ինն ամիս... Ողջամիտ ժամկետում, ներկա դրությամբ Գլխավոր շտաբը չի գնահատում նման իրավիճակ, որ կարող է լինել պատերազմ»:

«Արարատ Միրզոյանը ինչի՞ հիման վրա է գնահատել», - այս հարցին էլ Ասրյանն արձագանքեց. - «Արարատ Միրզոյանը գնահատում է ռազմաքաղաքական իրավիճակի հիման վրա, որը ոչ թե դիտարկում է մեկ ամիս, երկու ամիս, այլ դիտարկում է ձեր ասած ողջամիտ ժամկետ, որը կարող է գերազանցել վեց ամիս, մեկ տարի»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երևանը չի բացառում էսկալացիաների վտանգը, քանի դեռ խաղաղության պայմանագիր ստորագրված չէՄիրզոյանը Վարշավայում խոսել է մտահոգություններից, որ Ադրբեջանը ռազմական նոր գործողությունների է պատրաստվում

«Յուրաքանչյուր զինծառայողի կյանքը մեր համար թանկ է»

Բանակում մահվան դեպքերի վերաբերյալ ԳՇ պետը վստահեցրեց, որ «սպա, ենթասպա, սերժանտ, շարքային ժամկետային, պայմանագրային ծառայողներ՝ յուրաքանչյուր զինծառայողի կյանքը մեր համար թանկ է, իսկ ինչ վերաբերում է քանակական համեմատականին, ես կարող եմ ասել, որ 23 և 22 թվականների համեմատությամբ մենք դեպքերի աճ չունենք»: Միաժամանակ, նա հրաժարվեց թվեր հրապարակել, «որովհետև դա գաղտնիք է»:

«Մենք բոլորս՝ սկսած ինձնից, բոլոր կանխարգելիչ աշխատանքները և միջոցառումները իրականացնում ենք: Պետք է հասկանանք նաև, որ մենք բանակ ունենք հասարակությունից արատավոր բարքերի ներթափանցում, որը կարող է իրականացվել և՛ ամենօրյա, և՛, և՛ և՛: Մեր գործունեության հիմնական նպատակաուղղվածությունը նա է, որ այդ արատավոր բարքերը բանակում արմատախիլ անենք: Եվ նաև լավ եք հասկանում, որ բանակ են մտնում տարբեր դասակարգերի զինծառայողներ, որոնց դաստիարակությունը տարբեր ոլորտներում տարբեր է», - ասաց Ասրյանը:

Այդ բարքերը բանակում շարունակվում են, «որովհետև մենք մեր անելիքներում ևս թերանում ենք, և նաև զինծառայողների մեջ էլ կան այդ բարքերը, որ պետք է հանել մեջներից, ու դա եթե իմանում եք հեշտ պրոցես է՝ շատ հեշտ պրոցես չէ, շատ դժվար պրոցես է, և այդ պրոցեսը մենք քայլ առ քայլ իրականացնում ենք», - հայտարարեց Գլխավոր շտաբի պետը:

Մոտ երկու շաբաթ առաջ Հայաստանի գլխավոր դատախազի հրապարակած տվյալներով՝ 2024 թվականից հունվարից մինչ օրս զինվորական ծառայության հետ կապված մահերի թիվը 26 է, որից 5-ը ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու դեպքեր են, 6-ը՝ սպանություն, 4 զինծառայող սպանվել է հակառակորդի կողմից, 4-ը՝ ավտովթարի հետևանքով։ «Մարտական ավտոմեքենա վարելու կանոնները խախտելու 1 դեպք, թռչող սարքերի կամ թռիչքների կանոները խախտելու 2 դեպք, դժբախտ պատահարի 1 դեպք և հիվանդության 3 դեպք», - նաև ասել էր Աննա Վարդապետյանը:

Իրավապաշտպանների վիճակագրությամբ, մինչդեռ, տարեսկզբից 32 զինծառայող է մահացել, նրանցից 4-ը զոհվել է հակառակորդի կրակոցից, 28 զինվոր մահացել է ոչ մարտական պայմաններում։ Նախորդ տարի, ըստ իրավապաշտպանների, այդ թիվը կազմել է 53, 2022-ին ևս ոչ մարտական պայմաններում գրանցված մահերի թիվն անցել է երեք տասնյակը՝ 38 զոհ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

2024-ին զինվորական ծառայության ընթացքում ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու 5 դեպք է գրանցվել. դատախազՄեր քաղաքացիական կյանքում ունենում ենք շատ ինքնասպանություններ. իշխանության արձագանքը ԶՈւ-ում մահվան դեպքերինԲանակում բարեփոխման մասին խոսք լինել չի կարող, ոչ մի բան չեն անում պատասխանատուները. իրավապաշտպանՈչ մարտական պայմաններում զինծառայողի մահվան հերթական դեպքն է արձանագրվելՎերջին երեք տարում ԶՈւ-ում մահերի գրեթե 70 տոկոսը խաղաղ պայմաններում է գրանցվում. իրավապաշտպան

Առաջիկայում սպասվում է գերիների և անհետ կորածների հարցով հանդիպում ադրբեջանական կողմի հետ

Այսօր խորհրդարանում էր նաև Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ով «Ազատության» հարցին ի պատասխան հայտնեց, որ առաջիկայում սպասվում է գերիների և անհետ կորածների հարցով հանդիպում ադրբեջանական կողմի հետ:

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյան, արխիվ

«Շատ հնարավոր է առաջիկայում նման հանդիպում կազմակերպվի: Թվեր չհնչեցնեմ, բայց առաջիկայում շատ հնարավոր է, որ տեղի ունենա հանդիպում հանձնաժողովների կազմով», - նշեց Աբազյանը:

Ժամկետների և վայրի վերաբերյալ, ըստ ԱԱԾ տնօրենի, որոշում չկա:

Ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում հիմա 23 հայ է գերության մեջ, նրանցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունն է։ Հաստատված գերիների ցանկում անհետ կորած զինծառայողներ կամ խաղաղ բնակիչներ անուններ չկան։ Պաշտոնական տվյալներով՝ 2020-ի պատերազմից հետո անհետ կորած է համարվում 195 անձ, նրանցից 175-ը՝ զինծառայող, 20-ը՝ խաղաղ բնակիչ։

ԱԱԾ տնօրենն անդրադարձավ նաև հայ-իրանական և հայ-թուրքական սահմանների պահպանությանը՝ նշելով. - «Նախնական պայմանավորվածություն կա, որպեսզի Ագարակ սահմանային վերահսկողության կետում ամբողջական սահմանային ծառայությունն իրականացվի Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի կողմից, իսկ ընդհանուր սահմանի հայ-իրանական համատեղ ծառայության վերաբերյալ այս պահին տեղի են ունենում քննարկումներ»:

Հարցին՝ Հայաստանն ի վիճակի՞ է հայ-իրանական և հայ-թուրքական սահմաններին միայնակ իրականացնել ծառայություն, Աբազյանն արձագանքեց. - «Փուլային տարբերակով, այո, բայց ներկայում նման որոշում չկա»:

Հոկտեմբերի սկզբին Մոսկվայում Փաշինյան-Պուտին կես ժամանոց հանդիպումից հետո Երևանը տեղեկացրեց, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուս սահմանապահները հեռանում են Իրան-Հայաստան հսկիչ-սահմանային կետից