Մատչելիության հղումներ

Բաքուն ուզում է, որ ՀՀ-ի ճանապարհներն օգտագործելի լինեն իր համար, բայց միևնույն ժամանակ ՀՀ-ն մնա շրջափակման մեջ․ Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծն Ադրբեջանին մտահոգում է նրանով, որ այն կարող է տասնյակ միլիարդների օգուտ բերել Հայաստանին, այսօր, «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով, թե գրեթե մեկ տարի գոյություն ունեցող նախագիծն ինչու չի իրագործվում։

Ըստ Փաշինյանի՝ նախագիծը երկու մտահոգություն է բերում Ադրբեջանին։

«Առաջինը, որ եթե Ադրբեջանն անկեղծ մտածում է, որ ռազմական հեռանկարում Հայաստանը ագրեսիվ պլաններ ունի Ադրբեջանի նկատմամբ, դա կարող է ստեղծել ընկալումներ, որ այդ տասնյակ միլիարդ դոլարները կարող են օգտագործվել ընդդեմ Ադրբեջանի։ Կա նաև հակադարձը, որ եթե Ադրբեջանն ագրեսիվ մտադրություններ ունի Հայաստանի նկատմամբ, դա կարող է մտահոգել Ադրբեջանին, որ այդ տասնյակ միլիարդ դոլարները կարող են օգտագործվել Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու համար և Ադրբեջանն իր ագրեսիվ պլանները Հայաստանի նկատմամբ իրագործելու խնդիրներ կարող է ունենալ», - ասաց վարչապետը։

Փաշինյանը կրկին վերահաստատեց՝ Հայաստանը որևէ ագրեսիվ նկատառում տարածաշրջանային երկրների նկատմամբ չունի, ճանաչում է բոլոր հարևան երկրների տարածքային ամբողջականությունը և պատրաստ է դրա վերաբերյալ դե յուրե պարտավորություններ ստանձնել, իսկ սեփական օկուպացված տարածնքերը ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր, ըստ վարչապետի, Հայաստանը չի դնում։

Բաքուն ցանկանում է «Զանգեզուրի միջանցքով» առանց մաքսակետերի տեղադրման ուղիղ կապ հաստատել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Պաշտոնական Երևանն էլ Ադրբեջանի իշխանությունների կողմից «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը գնահատում է որպես տարածքային նկրտում Հայաստանի նկատմամբ։

Անցած տարեվեջին Բաքուն հայտարարեց, թե «Զանգեզուրի միջանցքը» կորցրել է իր գրավչությունը»՝ նշելով՝ այդ ծրագիրը կարող է իրականացնել Իրանի հետ։ Սակայն այս տարեսկզբից Ադրբեջանը հարցը կրկին օրակարգ է բերել՝ պնդելով, թե Հայաստանը պետք է Նախիջևանի հետ ճանապարհ տրամադրի՝ առանց մաքսային ու սահմանային վերահսկողության։

Փաշինյանն այսօր ասաց՝ Ադրբեջանն իր խոսույթով ուզում է հետևյալն անել՝ ուզում է, որ Հայաստանի ճանապարհներն օգտագործելի լինեն իր համար, բայց միևնույն ժամանակ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ։

«Սա ինքնին անտրամաբանական մոտեցում է, և այս մոտեցումը Հայաստանի համար չի կարող լինել ընդունելի», - ասաց Փաշինյանը։

Փաշինյանն առաջին անգամ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացրել է Թբիլիսիում 2023-ի հոկտեմբերի վերջին։ Ըստ Երևանի՝ «Խաղաղության խաչմերուկի» նպատակն է խթանել կապակցվածությունը և երկխոսությունը հարևան երկրների հետ։ Այս նախաձեռնության վերաբերյալ Բաքուն մինչ օրս դիրքորոշում չի հայտնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG