Սահմանազատման կանոնակարգի առկայությունը մեծագույն հաղթանակ է, լրագրողներին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Կարծում եմ, որ այդ թղթի առկայությունը մեծագույն հաղթանակ է հա՛մ Հայաստանի, հա՛մ Ադրբեջանի համար, սա առաջին միջպետական փաստաթուղթն է երկու երկրների միջև», - նշեց Սիմոնյանը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովները նոյեմբերի 1-ին փոխանակել էին սահմանազատման կանոնակարգի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի իրականացման մասին ծանուցումները։ Այն ուժի մեջ է մտել այդ օրվանից։
Ըստ ԱԺ նախագահի՝ դրա իրագործումը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի անկախության և տարածքային ամբողջականության ամենակարևոր հիմնաքարերից մեկն է. - «Մենք առաջ ենք շարժվելու, լիահույս եմ, որ դրական ընթացք կունենանք»։
Թե որտեղից պետք է շարունակվի սահմանազատումը, Ալեն Սիմոնյանն ասաց՝ այս պահին քննարկումներ են գնում։
Հոկտեմբերի 25-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ստորագրել էին կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը։
Փաստաթուղթը նախատեսում է, թե ինչպես պետք է իրականացվի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը: Միակ հիմնական սկզբունքը, որ այնտեղ ամրագրված է 91 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն է, բայց առանց հստակ քարտեզների:
Հայաստանի ընդդիմությունը հայտարարել է, որ կանոնակարգի վավերացումը հակասում է Հայաստանի պետական շահին:
Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ին սահմանազատման կանոնակարգը Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայ - ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը մտավ ուժի մեջ