Սահմանային միջադեպերի, սպառազինությունների վերահսկման մեխանիզմներ ստեղծելու «առաջարկներն ուժի մեջ են»

Սահմանային միջադեպերի, ինչպես նաև սպառազինությունների վերահսկման մեխանիզմներ ստեղծելու հայկական կողմի առաջարկները դեռ ուժի մեջ են, այսօր Կիպրոսում ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Այդ առաջարկների վերաբերյալ պատասխաններ Ադրբեջանից դեռ չկան։

Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ համատեղ ասուլիսին Միրզոյանը շեշտել է, որ Երևանը հավատարիմ է խաղաղությանն ու կայունությանը։

«Ես իմ գործընկերոջը ներկայացրել եմ վերջին քննարկումները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորության շուրջ, որն ամրագրում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Ընդգծել եմ նաև նույն հռչակագրի և, հետևաբար, 1991 թ. սահմանի հիման վրա սահմանազատման գործընթացի շարունակականության ապահովման կարևորությունը», - ասել է նախարարը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ հայկական ու ադրբեջանական կողմերը պետք է օգտագործեն ներկա պատմական պահը «թշնամության էջը փակելու» և «կարևոր խաչմերուկում գտնվող ողջ տարածաշրջանի տնտեսական զարգացման և բարգավաճման համար ավելի լավ ապագա նախապատրաստելու համար»:

  • Հրադադարի խախտումների մասին Բաքվի մեղադրանքների ֆոնին էր վարչապետ Փաշինյանը հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու առաջարկը արել Բաքվին։ Այդ առաջարկը ողջունել էր Եվրամիության հատուկ ներկայացուցիչը։
  • Սա նոր բան չէ, տարբեր ժամանակներում նման մեխանիզմ ստեղծելու հայտարարություններ էլի են եղել, մինչև 44-օրյա պատերազմը ԵԱՀԿ ՄԽ-ի, ՄԱԿ-ի ԱԽ կողմից, պատերազմից հետո էլ Հայաստանի ԱԱԾ-ից է առաջարկ հնչել, Փաշինյանը նաև ՊՆ-ին էր հանձնարարել ակտիվորեն օգտագործել Ադրբեջանի հետ ուղիղ կապը։ Արդյոք այդ ուղիղ կապը օգտագործվել է, թե ոչ՝ կողմերը հրապարակային այս մասին չեն խոսել։
  • Իսկ սպառազինությունների վերահսկման պայմանագիր ստորագրելու առաջարկ վարչապետն արել էր հունվարից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Բաքվից հնչող հայտարարությունները համարում եմ լրջագույն հարված խաղաղության գործընթացին»․ Փաշինյան
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանին առաջարկել ենք սպառազինությունների վերահսկման մեխանիզմ, չհարձակման մասին պայմանագիր. վարչապետ