Սահմանամերձ մարզերի բնակչության շեշտակի նվազում. ըստ փորձագետի՝ սա մարդկանց անհանգստության մասին է վկայում

Ադրբեջանի սահմանակից մարզերում՝ Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում բնակչության թիվը շեշտակի նվազել է։ Այդ մասին թվերով պատմում է Վիճակագրական կոմիտեն՝ ներկայացնելով այս տարվա առաջին 9 ամիսների մշտական բնակչության վիճակագրությունը։

Համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ տեսանելի է դառնում, որ ամենավատ վիճակում Սյունիքն է։ Եթե 2023-ին սահմանամերձ մարզում ապրում էր 137 հազար 900 մարդ, 2024-ի նույն ժամանակահատվածում այդ թիվը հասել է 116 հազար 700-ի, այսինքն՝ 21 հազար 200 մարդ՝ ապրողների ավելի քան 15 տոկոսը, մեկ տարվա ընթացքում Սյունիքից դուրս է եկել։

Ժողովրդագրագետ, պատմաբան Միքայել Մալխասյանի պնդմամբ՝ թվաբանական այս պատկերը Արցախի կորստից հետո սահմանամերձ մարզերում ապրող մարդկանց անհանգստության մասին է խոսում. - «Սա միայն սոցիալ-տնտեսական զարգացման տրամաբանությամբ հնարավոր չէ բացատրել, որովհետև այնպիսի փոփոխություններ են եղել, որ մարդկանց միջավայրը կտրուկ փոխվել է։ <>

Այսինքն՝ մենք կարող ենք վերցնել Իշխանասարի օրինակը, Գորիս-Կապան ավտոմայրուղու օրինակը, կարող ենք նայել՝ ավելի հյուսիսում ինչ եղավ՝ Վայոց Ձորի ու Գեղարքունիքի մարզերի հատվածում»։

«Մարդիկ փաստացի տեսել են իրավիճակի փոփոխություն և անվտանգության ռիսկերի չեզոքացման գրեթե անպաշտպան վիճակ», - հավելեց պատմաբանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանի կառավարության քայլերը անվտանգության ոլորտում ուշացած են, չհամակարգված․ վերլուծաբաններ

Գորիս, Կապան, Ագարակ՝ թվային ամենամեծ տարբերությունն այս համայնքներում է նկատվում։

Սեպտեմբերի սկզբին Տավուշի մարզում հատվածական սահմանազատումից ամիսներ հետո սահմանից մի քանի տասնյակ մետրի վրա նորակառույց դպրոցի բացման ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ Կիրանցում անկախ ՀՀ-ի պատմության մեջ «երբեք ավելի անվտանգ չի եղել դպրոցը, և երբեք ավելի անվտանգ չի եղել ապրելը»։ Ուղիղ մեկ ամիս անց պաշտոնական թվերը փաստեցին՝ բնակչության թիվը Տավուշում ևս պակասել է՝ 3200-ով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօրվանից գործում է Կիրանցի նորակառույց դպրոցը. Նիկոլ Փաշինյանն այցելել էր գյուղ

«Կանգնել, ասել, որ մեզ մոտ ամեն ինչ անվտանգ է, որովհետև ադրբեջանական դիրքերը բերել են արդեն Կիրանցի դպրոցի մոտ։ Դրանով դառնո՞ւմ է ավելի անվտանգ կամ 2 ծառ տնկելով, պատ սարքելով», - «Ազատության» հետ զրույցում շեշտեց Միքայել Մալխասյանը։

Այլ մարզերում բնակչության աճ կա

Գեղարքունիքում անցած և այս տարվա 9 ամիսների ընթացքում 14 հազար 400 մարդ պակասել է։ Մնացած մարզերում, սակայն, բնակչության աճ կա։

Ուշագրավ է, որ 2024թ.-ի սկզբին հրապարակած տվյալներում, որտեղ արդեն 12 ամիսների վիճակագրությունն է, թվային կտրուկ տարբերություն է նկատվում։ Բոլոր նշված մարզերում բնակչության աճ կա, սակայն մասնագետի պնդմաբ՝ սա մանիպուլատիվ հնարք է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ժողովրդագրական պատկերը մտահոգիչ է մնում

«Այստեղ ոչ թե իրականում մենք գործ ունենք տեղում բնակչության, բնական աճի հետ, այլ մեկ այլ իրողության հետ՝ թվաքանակի մեջ արտացոլված են նաև Արցախից բռնի տեղահանվածները, նրանցից այն մարդիկ, ովքեր հաշվառում են ստացել ՀՀ տարածքում, և բաշխել են այդ թվաքանակը մարզերով։ Արդյունքում ստացվել է մարզերի մեծ մասում բնակչության թվաքանակի կտրուկ ավելացում շատ արհեստականորեն, և անգամ այդ պարագայում միևնույն է՝ Սյունիքում բնակչության թվաքանակի նվազում կա՝ 1100-ով։ Անգամ այս ցուցանիշները չեն փրկում իրավիճակը», - հավելեց ժողովրդագրագետը։

Այս տվյալները հրապարակվել են մեկ ամիս առաջ, առայժմ որևէ պաշտոնյա չի արձագանքել՝ ինչու խաղաղության և անվտանգության մասին հրապարակային ելույթներին զուգահեռ դատարկվում են սահմանամերձ մարզերը։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.