Մատչելիության հղումներ

Հայաստանի ժողովրդագրական պատկերը մտահոգիչ է մնում


Երևանի կենտրոնական փողոցներից մեկում, նոյեմբեր, 2024թ.
Երևանի կենտրոնական փողոցներից մեկում, նոյեմբեր, 2024թ.

Ծնելիության անկում, արտագաղթ, ուղեղների արտահոսք, վաղաժամ մահեր, ծերացող հասարակություն, 90 հազար չծնված աղջիկ՝ սեռով պայմանավորված աբորտների պատճառով. սա Հայաստանի ժողովրդագրական պատկերն է:

Անցած տարի Հայաստանից ավելի շատ քաղաքացի է մեկնել, քան՝ ժամանել։ Բացասական հաշվեկշիռն ավելի քան 36 հազար է։ Թեև իրար հաջորդող իշխանություները տարեցտարի վատթարացող այս ցուցանիշը հորդորում են արտագաղթ չորակել՝ պատճառաբանելով, որ հայաստանցիները կարող են վերադառնալ, բայց հենց պաշտոնական թվերն են փաստում՝ մեկնողների և չվերադարձողների թիվը 10 տարվա կտրվածքով արդեն գրեթե 300 հազարի է հասել։ Վերջին տասնամյակում միայն 2020 թվականին է ժամանողների թիվը գերազանցել մեկնողներինը։

«Հայաստանը, ինչպես նաև մի շարք այլ երկրներ, հայտնվել են «իդեալական սթորմի» պայմաններում, երբ միաժամանակ ի հայտ են եկել մի շարք ֆենոմեններ: Առաջին ֆենոմենը, որը ի հայտ է եկել, դա ծնելիության անկումն է: Մեր խորին համոզմամբ՝ մարտահրավերը ոչ թե առանձին ծնելության անկումն է, կամ տարեցների երկարակեցությունն է, կամ միգրացիան է, այլ այդ բոլոր ֆենոմենների միաժամանակ գործելը, որի արդյունքում մենք կարող ենք բախվել մարդկային կապիտալի դեգրադացիայի», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը:

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարության համահեղինակ, կառավարման մասնագետ Տիգրան Ջրբաշյանն ընդգծում է՝ Հայաստանում ծնելիության գործակիցը տատանվում է 1.6–1.7 շրջանակներում, այն տարիներ շարունակ չի փոխվում։ Իսկ բնակչության բնական աճի համար անհրաժեշտ է, որ այդ գործակիցը հասնի առնվազն 2.2-ի։ Հայաստանում միայն այս տարվա հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 7.2 տոկոսով։

«Եթե այսօր մեր սերունդների միջև և պետության և ընտանիքների միջև վերաբաշխման մոտավորապես 39 տոկոսն է վերաբերում տարեց սերնդին՝ 65 տարեկանից մեծ, իսկ երիտասարդ սերնդին հասնում է մեր վերաբաշխման միայն 61 տոկոսը, ապա ստացվում է, որ 2050 թվականին այդ ցուցանիշները փոխվելու են՝ 60 տոկոսը մեր ռեսուրսների վերաբաշխվելու է տարեց սերնդի համար, որովհետև նրանք շատանալու են, ավելի երկար են ապրելու, և միայն 40 տոկոսն է հասնելու երեխաներին՝ մինչև 15 տարեկան սերնդին», - նշեց Ջրբաշյանը:

«Ըստ մեր կանխատեսումների՝ 2050 թվականին բնակչության 25 տոկոսից ավելին կլինի 65 տարեկանից բարձր», - իր հերթին, ասաց ՄԱԿ-ի բնակչություն և զարգացում ծրագրի ղեկավար Տաթևիկ Բադալյանը:

Նա ՄԱԿ-ի 2019-ի հետազոտությունն է վկայաբերում. համաձայն դրա՝ Հայաստանի մշտական բնակչությունը 2050-ին կկազմի 2.5 միլիոն: Հայաստանի թե՛ նախկին, թե՛ ներկայիս իշխանությունները բնակչության ավելացման խոստումներ տվել են. մասնավորապես, 2017-ին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե մինչև 2040 թվականը թիրախը 4 մլն բնակիչը պետք է լինի, վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019-ին ասաց՝ Հայաստանի բնակչությունը մինչև 2050-ը պետք է 5 մլն դառնա։ Սակայն ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների հաստատված ռազմավարությունում Փաշինյանի կառավարությունն արդեն խուսափել է հստակ թվեր նշել։

«Ժամանակակից ռազմավարությունները քանակի մասին չեն, այլ մարդկային կապիտալի որակի մասին են, քանակ է արդյունքներից մեկը, բայց թիրախը ոչ թե քանակն է, այլ՝ դոմոգրաֆիկ հասարակության կառուցվածքը: Եվ հետևապես, իմ խորին համոզմամբ, մեր բոլոր նմանատիպ թվեր հնչեցնելը բերելու է մեր մարդկային կապիտալի դեգրադացիային», - ասաց Տիգրան Ջրբաշյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանն ասում է՝ 16 տարվա ընթացում կիրառվելիք ռազմավարությունը 4 հիմնասյուն ունի՝ ընտանիքի բարեկեցություն, առողջության խթանում՝ մահվան ռիսկի գործոնների նվազեցում, ակտիվ ծերություն, միգրացիայի կառավարում՝ արտագաղթին տանող պատճառների նվազեցում և մրցունակության բարելավում:

«Մասնավորապես՝ ընտանիքի և երեխայի հետ կապված հարցերն այսուհետ դիտարկվելու են այլ տեսակյունից, այսինքն՝ մենք ոչ թե խրախուսելու ենք յուրաքանչյուր ծնված երեխային զուտ ֆինանսական աջակցություն տալու ձևով, այլ աջակցելու ենք այն ընտանիքներին, որոնք ցանկություն ունեն երեխա ունենալու, այսինքն՝ այդ մոտեցումը, այդ որոշումն իրենց մոտ գիտակցված է, և ունեն այդ պատասխանատվության զգացումը, որ երեխան պետք է ստանա լավ կրթություն, պետք է ապահովված լինի առողջապահական երաշխիքներով և այլ սոցիալական երաշխիքներով», - նշեց Խաչատրյանը:

Արտագաղթի տխուր պատկերներից մեկը 18-30 տարեկան հասակում երկիրը լքողների բավականին մեծ թիվն է։ Մասնագետների գնահատմամբ՝ սա ուղիղ հարված է դեմոգրաֆիայի կառուցվածքին։ Ու թեև Հայաստանում երեխա ունենալ ցանկացողների թիվը շատ է, բայց ընտանիքներն ավելի քիչ երեխա են ունենում, քան ցանկանում են: Իսկ բազմազավակ՝ 5+ երեխա ունեցող ընտանիքների 80 տոկոսը աղքատության շեմից ներքև է գտնում։

«Օրինակ՝ երեխայի խնամքի, դայակի ծառայություն, որը կարող է խանգարել մայրերին, որպեսզի շուտ դուրս գան աշխատանքի, մենք այդ դեպքում արդեն որպես պետություն պետք է աջակցենք», - ասաց սոցապ փոխնախարարը:

«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այն բոլոր երկրները, որոնք մեծ ռեսուսներ են ներդնում ծնելիության մակարդակի բարձրացման վրա, ունենում են կարճաժամկետ ինչ-որ դրական արդյունքներ, բայց որպես այդպիսին ժողովրդագրական իրավիճակը դեպը լավը չի փոխվում», - ընդգծեց Տաթևիկ Բադալյանը:

Ռազմավարությունում 190-ից ավելի ծրագրեր են ներառվել։ Կհանվի «ծերեր» տերմինը, կներմուծվի «ավագա սերունդ» հասկացությունը՝ խրախուսելով ակտիվ ծերությունը։ Կառավարությունը խոստանում է՝ դայակի ինստիտուտն է կայացնելու, պետությունը կաջակցի, որ մայրերը վերադառնան աշխատանքի, ստանան երաշխիքներ, որոնք համահունչ կլինեն մոտավորապես քաղծառայողի երաշխիքների փաթեթին: 300 հազարից 1.5 մլն դրամ երեխայի ծննդի համար միանվագ նպաստը կվերանայվի, «փող տանք, որ երեխա ունենաք» սկզբունքը պետությունը կվերացնի:

Ռազմավարության կյանքի կոչման համար 2.6 տրիլիոն դրամ կամ ավելի քան 6 միլիարդ դոլար կպահանջվի: Տիգրան Ջրբաշյանը սա ոչ թե ծախս, այլ ներդրում է որակում, քանի որ հիմքում մարդկային կապիտալի զարգացումն է։ Եթե այս ռազմավարությունն իրագործվի, ապա մինչև 2040-ը բնակչության թիվը կավելանա 260 հազարով։

Ու թեև ժողովրդագրական խնդիրները լուծելու համար Հայաստանում արդեն իսկ միլիոնավոր դոլարներ են ծախսվել, հարյուրավոր ծրագրեր իրականացվել, միևնույն է, բոլոր պատասխանատուներն ընդունում են՝ դրանք արդյունավետ չեն եղել, եթե արդյունավետ լինեին, այս պատկերը չէր լինի: Հայաստանում այժմ մշտական բնակչության թիվը 2.9 միլիոն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG