Ռուսաստանը գրականագետի և ակտիվիստների է ավելացրել «օտարերկրյա գործակալների» ցուցակում

Գրականագետ և պրոֆեսոր Օլեգ Լեկմանովը, արխիվ

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների» իր ցուցակում ավելացրել է ևս մի քանի անուն:

«Օտարերկրյա գործակալների» ռեգիստրում ավելացվածների թվում են հայտնի գրականագետ և պրոֆեսոր Օլեգ Լեկմանովը, քաղաքական գործիչ Նիկոլայ Կավկազսկին, ընդդիմադիր «Յաբլոկո» կուսակցության անդամ, ակտիվիստ և «Ազատ Ուդմուրտիա» շարժման անդամ Արտյոմ Մեդվեդևը, բլոգեր Անտոն Խարդին և Astra լրատվականը։

Փրինսթոնի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր Լեկմանովը լքել է Ռուսաստանը 2022 թվականի փետրվարին՝ Մոսկվայի կողմից Ուկրաինա ներխուժմանը դեմ լինելու պատճառով։

Կավկազսկին նաև իրավապաշտպան և ԼԳԲՏ ակտիվիստ է։ Նա խստորեն դատապարտել է ուկրաինական պատերազմը և վեց օրով ձերբակալվել է հակապատերազմական ակցիայի համար։ Նա բազմիցս ենթարկվել է հարձակման իր քաղաքական հայացքների պատճառով։

Մեդվեդևը, ով հանդես է գալիս Ռուսաստանից Ուդմուրտիայի շրջանի անկախության օգտին, մասնակցել է Հետռուսական ազատ պետությունների ֆորումին, որը ռուսական իշխանությունները որակել են որպես «անցանկալի կազմակերպություն»։

Խարդինը հայտնի բլոգեր է: Նա դեմ է Ուկրաինայի պատերազմին և դեմ է արտահայտվել Ռուսաստանում քաղաքական ռեպրեսիաներին։

Astra-ն անկախ Telegram ալիք է՝ Ռուսաստանից և աշխարհից ընթացիկ նորություններով: Այն նաև հրապարակում է լուրեր, որոնք չեն հրապարակվում ռուսական պաշտոնական լրատվամիջոցների կողմից։

Ռուսական օրենքը, որը ներդրվել է 2012 թվականին և ընդլայնվել է 2022 թվականին, պահանջում է օտարերկրյա ֆինանսավորում ստացող կազմակերպություններից գրանցվել որպես «օտարերկրյա գործակալներ»:

Քննադատներն ասում են, որ օրենսդրությունը համակարգված արշավի մի մասն է կազմում՝ խեղդելու կառավարության քննադատությունը և կրճատելու իրավունքների պաշտպանների և անկախ լրատվամիջոցների աշխատանքը:

Այս շաբաթ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտարարեց, որ Ռուսաստանի «օտարերկրյա գործակալի» օրենքը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և որ այն «կամայական» է և օգտագործվում է «չափազանց լայն և անկանխատեսելի ձևով»:

Գործը դատարան են ներկայացրել 107 հայցվորներ, այդ թվում՝ խոշոր լրատվամիջոցներ և իրավապաշտպան կազմակերպություններ, ինչպիսիք են «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը և «Մեմորիալ» իրավապաշտպան խումբը:

Հոկտեմբերի 22-ին դատարանը վճռեց, որ օրենքը «խիստ սահմանափակումներ» է դրել հայցվորների գործունեության վրա: