«Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում «ազնիվ միջնորդի» իր դերից», - «Союзники. ОДКБ»-ի («ՀԱՊԿ. Դաշնակիցներ») հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Մենք հույս ունենք, որ առկա տարաձայնությունները շուտափույթ լուծում կստանան, և հաջող առաջընթաց կբերի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այլ ոլորտներում՝ ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան», - ասել է նա։
Սերգեյ Կոպիրկինն ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է «լիարժեք աջակցություն ցուցաբերել բարեկամ երկու երկրների և ժողովուրդների հաշտեցմանը»։
Հայ-ռուսական լարված հարաբերություններին զուգահեռ Երևանը հրաժարվում է Մոսկվայի առաջարկած բանակցային հարթակից։
Պաշտոնական Երևանը կասկածի տակ էր դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Ռուսաստանի կառուցողական ներգրավվածությունը: Սրանով Երևանն, ըստ էության, նաև մերժել էր նախագահ Պուտինի Բաքվում հնչեցրած առաջարկը՝ աջակցել կողմերին խաղաղության գործընթացում: