Ռուբեն Վարդանյանը հայցեր է ներկայացրել ադրբեջանական դատարան
Ադրբեջանում արդեն մեկ տարի բանտարկված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայցեր է ներկայացրել ադրբեջանական դատարան։
Ռուբեն Վարդանյանի փաստաբանները փոխանցել են, որ հայցերից մեկը վերաբերում է ապրիլին հացադուլի ժամանակ Վարդանյանի խոշտանգմանը։ Արցախի նախկին պետնախարարը բարձրաձայնում է, որ իրեն այդ ժամանակ պատժախուց են տեղափոխել, ստիպել ոտքի վրա մնալ, արգելել են ցնցուղ ընդունել ու երկու օր զրկել են ջրից։ Մյուս հայցով փաստաբանները նշում են, որ Վարդանյանի արագ դատաքննության իրավունքն է խախտվել, երբ անցած տարի երկարաձգվել է նրա կալանքը։ Մյուսով էլ նա հայց է ներկայացրել «Բաքվի աշխատավոր» ռուսալեզու թերթի դեմ՝ զրպարտության հոդվածով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուբեն Վարդանյանը շարունակում է հացադուլըԵթե Ադրբեջանում արդարադատություն լիներ, արդեն քննության առարկա կդառնար. Արա Ղազարյան
Մինչ Ադրբեջանի պետական մարմինները լռում են այս հայցերի մասին, միջազգային դատարաններում հայ գերիների իրավունքները ներկայացրած փաստաբան Արա Ղազարյանը նկատում է՝ եթե Ադրբեջանում իրական արդարադատություն լիներ, ապա այս խնդիրներն արդեն իսկ այդ երկրի գլխավոր դատախազության քննության առարկա պիտի դառնային։
«Երկրի ներքին օրենքներով արդեն պետք է հաղորդումների հիման վրա ստուգվի, և վարույթ հարուցվի, բայց բնականաբար, Ադրբեջանի դեպքում դա ծիծաղ է առաջացնում, որովհետև նույնիսկ նույն կոնտեքստով եվրոպական դատարանի վիճռներում ընդհանրապես տեղաշարժ չկա», - ասաց Արա Ղազարյանը։
Անցած տարվա ադրբեջանական շրջափակման ընթացքում մոտ չորս ամիս Լեռնային Ղարաբաղի պետնախարար աշխատած Ռուբեն Վարդանյանն ու Արցախի մյուս յոթ ղեկավարները ձերբակալվեցին Արցախի հայաթափման օրերին։ Բաքուն ծանր հոդվածներ է առաջադրել նրանց՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում, ֆինանսավորում, պատմական ժառանգության ոչնչացում։ Ոչ մեկի դատավարությունը դեռ չի մեկնարկել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նուբար Աֆեյանը հանդիպել է ՀՀ կառավարության անդամների հետ, քննարկել Բաքվում պահվող հայերի հարցըԱրա Ղազարյանը պնդում է՝ Վարդանյանի նկատմամբ վերաբերմունքը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է, որին պետք է տրվի թե՛ իրավական, թե՛ քաղաքական գնահատական։ Քանի որ մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով հայտնի երկրի ներսում արդարադատության հույս չկա, ապա այդ գնահատականները, ըստ Ղազարյանի, պետք է տան միջազգային դատարաններն ու կառույցները։
«Իրավական պատասխանատվությունը այն դատարանների միջոցով է տեղի ունենում, որտեղ դատարանը քննում է պետության վարքագիծը, ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։ Անհատական պատասխանատվությունը միջազգային ատյանում ասենք՝ պատերազմական հանցագործություններ, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, երկրորդը, որպես կանոն, ուղղված է երկրի ղեկավարության դեմ», - շեշտեց նա։
Ղազարյանը հիշեցրեց, որ այս տարեսկզբին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը որոշում կայացրեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Պատճառը Լաչինի միջանցքի արգելափակումն ու դրա լրջագույն հետևանքներն էին, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանմանը, ինչպես նաև Ադրբեջանի ժողովրդավարական խնդիրները՝ քաղբանտարկյալների աճող թիվը, ընտրությունների, կառավարման համակարգի, դատարանների անկախության առնչությամբ և ընդհանուր առմամբ՝ օրենքի գերակայության հետ կապված մտահոգությունները:
Ղազարյանն ասում է՝ այս խախտումների շրջանակում է տեղավորվում նաև Վարդանյանի դրվագը. - «Հաջորդ քայլը կլինի, ես վստահ եմ, արդեն Ադրբեջանի անդամակցության դադարեցումը Եվրոպայի խորհրդին։ Սա քաղաքական պատասխանատվության մեխանիզմ է, սանցկիաներ»։
ԿԽՄԿ-ն արձանագրե՞լ է խախտումները
Արդյո՞ք Բաքվի բանտում Վարդանյանին այցելող Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որ վերջին անգամ սեպտեմբերին է տեսակցել անազատության մեջ պահով հայերին, արձանագրել է այս խախտումները. հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունու խոսքով՝ նման տվյալներ չեն կարող հրապարակել։ Իրենց ոչ հրապարակային գործունեության շրջանակում խախտումներ արձանագրելու դեպքում կարող են դիմել մինչ այդ երկրի ղեկավարին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին
«Կարող են տարբեր սցենարներով զարգանալ իրադարձությունները՝ կարող են անմիջապես որոշակի փոփոխություններ լինել, կարող է մեր հաջորդ տեսակցության ժամանակ մենք չտեսնենք որևէ բարելավում։ Այդ հարցերը բավականին, բնականաբար, կարող են մտահոգիչ լինել, երբ որ չես տեսնում առաջընթաց, ինչպես կպատկերացնեին կամ կպայմանավորվեին մեր պատվիրակները և տվյալ իշխանությունները։ Եվ դա թույլ է տալիս մեզ կրկնակի կամ ավելի հստակ ձևակերպել կամ առաջարկել մեր սեփական աջակցությունը, եթե որևէ ձևով հնարավոր չէ դա բարելավվի իշխանությունների ուժերով», - «Ազատությանն» ասաց Զառա Ամատունին։
Բաքվում, պաշտոնական տվյալներով, 23 հայ է պահվում։ Նրանք գերեվարվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմից մինչև Արցախի վրա Ադրբեջանի անցած տարվա ռազմական հարձակման ընթացքում։