Սահմանազատման արդյունքում ճանապարհ ու մասնավոր տներ կորցնող Կիրանցում այսօր մերժեցին մարզկենտրոն Իջևանում փոքր թվով գյուղացիների հետ հանդիպելու կառավարության առաջարկը։ Հրաժարվեցին նաև Տավուշի մարզպետի գյուղի դահլիճում փակ քննարկումների առաջարկից։ Ասացին՝ թող պաշտոնյաները գան Կիրանց ու լրատվամիջոցների ներկայությամբ ասեն իրենց ասելիքը։
Բնակիչները հիասթափված են Երևանի ու Բաքվի երեկվա համաձայնությունից, ասում են. - «Թող իրենք գան, գյուղում խոսեն, մենք Իջևան գնալու բան չունենք»։
Վարչապետի աշխատակազմից ժամեր առաջ խոստացել էին՝ կառավարության ներկայացուցիչները առավոտից կգույքագրեն խնդիրները, քննարկումներ կսկսեն գյուղացիների հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիրանցում ճանապարհի տեղափոխման խնդիր առաջանալու է. վարչապետի աշխատակազմից հաստատում են
Մինչ այս պահը Իջևանում հանդիպման առաջարկ արած պաշտոնյաները գյուղ չեն եկել, իսկ մարդիկ սպասում են գյուղամեջում՝ զայրացած։ Ասում են՝ այդքան քննարկումներից հետո իրենց որևէ առաջարկ կամ դիտարկում բանակցողները հաշվի չեն առել։
Կիրանցեցիները տարակուսած են՝ իրենց գյուղի երեք զգայուն կետերը, որոնց շուրջ վարչապետն ավելի մանրակրկիտ քննարկումներ էր խոստացել, տեղորոշվել են ընդամենը համակարգչով, իսկ մյուս հատվածներում 40 սահմանասյուները տեղադրվեցին կոնկրետ չափագրողների մասնակցությամբ հենց տեղում դիտարկումներից հետո։ Ինչո՞ւ է վարչապետի աշխատակազմը որպես նպաստավոր լուր արձանագրել, թե Կիրանցին վերադարձվում է մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող, այն դեպքում, որ այդ ականապատ հողերը միշտ են եղել հայկական վերահսկողության տակ։
«Այդ 25 հեկտարն ի սկզբանե հայկական հող է եղել, եղել է մեր տիրապետության տակ, մինչև այս պահն էլ, անվտանգության գոտի է եղել՝ ականապատ տարածք։ Լուրը տարածում են՝ փափուկ բարձ են դնում մարդկանց գլխի տակ, որ տեսեք՝ Կիրանցի հարցը լուծված է», - հարցնում են նրանք։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետը սահմանազատումը մեծ հաջողություն որակեցԿեսգիշերին արված հրապարակման մեջ կառավարության աշխատակազմը հաստատել էր՝ սահմանազատման արդյունքում Կիրանցում ճանապարհի տեղափոխման, սեփական տների փոխհատուցման հարց կառաջանա։ Ասել էին՝ ծավալը մեծ չի լինի, բայց թե քանի գույքի դիմաց պետք է փոխհատուցում տրամադրեն, որևէ տվյալ նշված չէր։ Սեփականատերերը, որ ենթադրաբար կորցնելու են իրենց գույքը, ասում են՝ չեն հեռանա իրենց տներից անգամ փոխհատուցման դիմաց։
«Մենք որոշելու բան չունենք, ոչ փոխհատուցում ենք ուզում, ոչ էլ ուզում ենք՝ մեր հողն անցնի իրենց», - նշեց մեկ այլ կիրանցեցի, մյուսը հայտարարեց. - «Ինձ պետք չի իրենց տված փոխհատուցումը»։
Գյուղապետարանում ցույց տալով ձեռքի տակ եղած բոլոր քարտեզները, որոնցով տասնամյակներ շարունակ առաջնորդվել են հողերը սեփականաշնորհելիս ու ցանկացած գործարք կատարելիս, պնդում են՝ որևէ մեկը չի համապատասխանում երեկ համակարգչային եղանակով կատարված չափագրումներին։ Ընդամենը մի քանի տարի առաջ հարևան Սարիգյուղը Ադրբեջանին անցնող տարածքից մի հատված է գնել՝ պետական միջոցներով ավելի քան 100 միլիոն դրամանոց խմելու ջրի պոմպակայան կառուցելու համար։ Ինչպես են արել գործարքը, ինչպես են մեծ գումարներ ծախսել Ադրբեջանի հողում՝ հարց է բարձրացնում գյուղապետարանի աշխատակից Գոհար Վարդանյանը։
«Եթե մենք ուզեցել ենք այստեղից հող առնենք Ադրբեջանից, կադաստրը մեզ ասել է՝ Ադրբեջան է, չես կարող, բայց ստեղից, օրինակ՝ էս հողը, որ բնակիչը գնել է երկու տարի առաջ, էդ հողը թողել են՝ առնես, այսինքն՝ դա Հայաստան է, կադաստրով, քարտեզով Հայաստան է։ Գետից վերև Սարիգյուղ բնակավայրը Կիրանց բնակավայրից գնել է տարածք, այդտեղ կառուցել խմելու ջրի պոմպակայան այս իշխանությունների տարիներին, ծախսել 100 միլիոն դրամ, այսինքն՝ դա հանցագործություն է, պետության փողերը վատնել են», - նշեց նա։
Գյուղացիները նույնիսկ տեղյակ չեն՝ կոնկրետ քանի մասնավոր տուն կանցնի ադրբեջանական կողմին, որոնք կլինեն գծվող սահմանի կողքին։ Ասում են՝ շարունակելու են իրենց պայքարը և սպասում են կառավարության անդամներին՝ իրենց դժգոհություն արտահայտելու համար, նաև շեշտում են՝ բողոքի գործողությունները կշարունակեն։