Ջեյք Սալիվանն ու Չագաթայ Քըլըչն ընդգծել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի կարևորությունը

Ջեյք Սալիվան, Չագաթայ Քըլըչ

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական, դեսպան Ակիֆ Չագաթայ Քըլըչի հետ։

Ըստ Սպիտակ տան՝ կողմերն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կարևորությունը։

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29-ի համաժողովը լավ հնարավորություն էր համարել խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։

Պաշտոնական Երևանն արձագանքել էր՝ «ամեն օր էլ հրաշալի հնարավորություն է խաղաղության պայմանագիր ստորագրելու»։ «Հիմա մենք ունենք մթնոլորտի էական փոփոխություն, բայց դա դեռ չի նշանակում, որ վերջ, հասել ենք եզրագծին, և մնում է ստորագրել», - ասել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայկական կողմից ավելի վաղ հայտարարել էին, որ Ալմա-Աթայի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա։

Հայաստանի և Ադրբեջանի միջև ավելի քան երկու տարի բանակցվող խաղաղության պայմանագրի տեքստն արդեն 9-րդ խմբագրումն է անցել։ Երևանը ապրիլի վերջին հաստատեց, որ ստացել է Բաքվի հերթական առաջարկները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ունենք մթնոլորտի էական փոփոխություն, բայց չի նշանակում, որ հասել ենք վերջնագծին. Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի մասին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղաղության պայմանագրի համաձայնեցված հատվածներում արդեն իսկ կա հղում Ալմա-Աթայի հռչակագրին. Փաշինյան

Սալիվանն ու Քըլըչը երեկ քննարկել են նաև երկկողմ հարցեր, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում համագործակցությունը, ողջունել Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերությունների բարելավումը, ինչպես նաև ընդգծել Գազայում Իսրայելի առաջարկած զինադադարի հաստատման անհրաժեշտությունը։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:

Նոյեմբերին Իսրայելն ու «Համաս»-ը գերիներ են փոխանակել։ Սակայն «Համաս»-ի կողմից դեռ 120 մարդ պատանդ է պահվում, այդ թվում՝ կանայք, ծերեր և երեխաներ։

Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 36 հազարը։

Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նեթանյահուի օգնական. Բայդենի Գազայի պլանը «լավ գործարք չէ», բայց Իսրայելն ընդունում է այն
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը հայտարարում է Գազայում ևս չորս պատանդների մահվան մասին