Մատչելիության հղումներ

Իսրայելը հայտարարում է Գազայում ևս չորս պատանդների մահվան մասին


Գազայի հատվածը, 28-ը մայիսի, 2024թ․
Գազայի հատվածը, 28-ը մայիսի, 2024թ․

Իսրայելի պաշտպանության բանակը՝ վկայակոչելով իսրայելական հետախուզությունը, հայտարարել է ԱՄՆ-ի և ԵՄ կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս»-ի կողմից անցած տարվա հոկտեմբերի 7-ին պատանդառված ևս չորս անձանց մահվան մասին։

Նշվում է, որ պատանդների մարմինները դեռ Գազայում են։

79-ամյա Չայմ Փերին, 80-ամյա Յորամ Մեցգերը, 84-ամյա Ամիրամ Կուպերը և 51-ամյա Նադավ Փոփլվելը առևանգվել են Նիր Օզ և Նիրիմ ավաններից։

Ըստ հետախույզների՝ նրանք մահացել են մի քանի ամիս առաջ։ Նրանց մահվան հանգամանքները չեն բացահայտվում։

«Համաս»-ի զինյալներն այս չորս պատանդներին պահել են Գազայի հատվածի հարավում՝ Խան Յունիս քաղաքի մոտ: Նրանցից երկուսի կանայք՝ Նուրիտ Կուպերն ու Թամի Մեցգերն առևանգվել են իրենց ամուսինների հետ, սակայն փոխանակման արդյունքում ազատ են արձակվել նոյեմբերի 28-ին։

Դեկտեմբերին «Համաս»-ը հրապարակել էր Փերիի, Կուպերի և Մեցգերի հետ կապված քարոզչական մի տեսանյութ, իսկ մարտին հայտարարել, թե նրանք սպանվել են Գազայի հատվածում՝ իսրայելական հրետանու գնդակոծությունից։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:

Նոյեմբերին Իսրայելն ու «Համաս»-ը գերիներ են փոխանակել։ Սակայն «Համաս»-ի կողմից դեռ 120 մարդ պատանդ է պահվում, այդ թվում՝ կանայք, ծերեր և երեխաներ։

Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 36 հազարը։

Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG