Ռուսաստանյան դատարանը The Wall Street Journal-ի թղթակից Էվան Գերշկովիչի գործով օգոստոսի 13-ին նախատեսված դատական նիստը կանցկացնի հուլիսի 18-ին։ Նման միջնորդություն էր ներկայացրել ամերիկացի լրագրողի պաշտպանական կողմը։
Լրտեսության մեջ մեղադրվող ԱՄՆ-ի քաղաքացի Էվան Գերշկովիչի գործը քննում է Եկատերինբուրգի Սվերդոլվսկի շրջանային դատարանը։
Ամերիկյան առաջատար թերթի թղթակիցը բանտում է անցյալ տարվա մարտից։ Ըստ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության՝ նա ամերիկյան հատուկ ծառայությունների հանձնարարությամբ տեղեկություններ է հավաքագրել ռուսաստանյան ռազմաարդյունաբերության վերաբերյալ՝ Նիժնի Տագիլում գտնվող «Ուրալվագոնզավոդ» պաշտպանական ձեռնարկության գործունեության մասին:
Լրագրողը մեղքը չի ընդունում՝ պնդելով, որ Ռուսաստանում զբաղվել է բացառապես լրագրողական գործունեությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ամերիկացի լրագրող Գերշկովիչի դատավարությունը Ռուսաստանում կանցնի փակ դռների հետևումThe Wall Street Journal-ը նույնպես հերքում է իր թղթակցին վերագրվող մեղադրանքները։
ԱՄՆ իշխանությունները, իրավապաշտպան և լրագրողական միջազգային կազմակերպությունները Մոսկվային կոչ են արել ազատ արձակել Գերշկովիչին։
ԱՄՆ Պետդեպարտամենտը Գերշկովիչին ճանաչում է որպես «անօրինական կերպով ձերբակալված»։