ՌԴ ԱՀԾ․ «Վաշինգտոնը Հայաստանին դրդում է ազգային ինքնասպանության»

ՌԴ ԱՀԾ ղեկավար Սերգեյ Նարիշկին, արխիվ

«Վաշինգտոնը Հայաստանին դրդում է ազգային ինքնասպանության», - հայտարարում է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ, ռուսերեն հապավումը՝ СВР)` պնդելով, որ Միացյալ Նահանգները փորձում է արագացնել Հայաստանի կողմից արևմտամետ արտաքին քաղաքական կուրսի որդեգրումը «Ուկրաինայում և Մոլդովայում փորձարկված մեթոդների կիրառմամբ»։

«Հայաստանում հասարակական-քաղաքական գործընթացներին կայուն հակառուսական ուղղվածություն հաղորդելու խնդիր է դրված։ Այդ նպատակով Վաշինգտոնը մտադիր է երկարաժամկետ տեղեկատվական-քարոզչական արշավ նախաձեռնել, որի նպատակներից է լինելու նաև Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի հետ Երևանի համագործակցության հեռանկարների վարկաբեկումն ու Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիների վրա կիրառվող «ճնշումների» մասին տեղեկությունների տարածումը», - նշված է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։

Երևանն ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաև դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։