Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեկ ժամանել է Ռուսաստան։
Ըստ թուրքական կողմի՝ Ֆիդանը Մոսկվայում մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա։ Իսկ այսօր նա կմասնակցի BRICS-ի արտգործնախարարների հանդիպմանը, որը կկայանա Նիժնի Նովգորոդում։
Երեկ Ֆիդանը հանդիպել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Շոյգուն առաջարկել է Ֆիդանին 2024 թվականի երրորդ եռամսյակում անվտանգության հարցերի շուրջ լայնամասշտաբ երկկողմ խորհրդակցություններ անցկացնել։ Կողմերը քննարկել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով անվտանգության ոլորտում ռուս-թուրքական համագործակցության հարցեր։
«Հաստատվել է ռազմավարական հավասար երկկողմ գործընկերությունը զարգացնելու մտադրությունը, այդ թվում՝ միջազգային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ», - հաղորդում է ռուսական կողմը։
Sabah-ը նշում է, որ Ֆիդանը երեկ հանդիպել է նաև Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հետ։
Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Ֆիդանը մոսկովյան հանդիպումների ընթացքում քննարկել է Ուկրաինայի կարգավորմանը, Գազայում, Սիրիայում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները։
ՏԱՍՍ-ը, վկայակոչելով թուրքական դիվանագիտական աղբյուրները, նշում է, որ նախատեսված է նաև Ֆիդանի հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։