Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա այցով ժամանել է Ղազախստան՝ ուկրաինական պատերազմի պատճառով աճող լարվածության ֆոնին ամրապնդելու հարաբերությունները Կենտրոնական Ասիայում դաշնակցի հետ։
ՀԱՊԿ-ի կազմում Մոսկվայի դաշնակից Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն անցած օրերին հերթական անգամ մտահոգություն է հայտնել Ուկրաինայում շուրջ երեք տարի շարունակվող պատերազմի կապակցությամբ։ Պուտինի այցին ընդառաջ ռուսաստանյան «Իզվեստիա» պարբերականում հրապարակած այդ մասին իր հոդվածում Տոկաևն ընդգծում է «խաղաղ երկխոսություն» սկսելու անհրաժեշտությունը և այդ գործընթացին աջակցելու Աստանայի պատրաստակամությունն է հայտնում։
Երկու երկրների հարաբերություններում լարվածություն է առաջացել նաև տնտեսական խնդիրների ֆոնին, մասնավորապես՝ խարխլվել են առևտրային կապերը, երբ Մոսկվան արգելել է որոշ ղազախական գյուղատնտեսական ապրանքների ներկրումը Ռուսաստան։ Ռուսական կողմի այդ որոշումը հաջորդել էր BRICS-ին չմիանալու մասին Ղազախստանի հայտարարությանը: