Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Դնեպրին հարվածելու համար Ռուսաստանը կիրառել է առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռ:
Նման հրթիռով ռուսական բանակը խոցել է Հարավային մեքենաշինական գործարանը (Յուժմաշ), ասել է ՌԴ նախագահը բնակչությանն ուղղված հրատապ տեսաուղերձի ժամանակ։ Նրա խոսքով՝ այս հարձակումը պատասխան էր ամերիկյան և բրիտանական զինատեսակներով հարձակումներին Ռուսաստանի խորքում։ Մասնավորապես, նա ընդգծել է «Բրյանսկում և Կուրսկում արևմտյան հրթիռների կիրառումը»։
Ավելի վաղ հաղորդվել էր, թե Սպիտակ տունն արտոնել է արևմտյան հեռահար հրթիռների կիրառումը Ռուսաստանի դեմ, ինչից հետո Կիևն ամերիկյան ATACMS հրթիռներով Բրյանսկին էր հարվածել։
Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանը կիրառել է միջին հեռահարության նոր հրթիռ, որը կոչվում է «Օրեշնիկ», և որ «այս տեսակի հրթիռներին հակազդելու միջոցներ չկան»։
Նա շեշտել է, թե Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները Ռուսաստանի տարածքում հեռահար հրթիռներ կիրառելու որոշմամբ «շարունակեցին էսկալացիայի ընթացքը»։
Պուտինը հայտարարել է՝ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների ռազմական օբյեկտների դեմ, որոնք իրենց զենքն օգտագործում են ռուսական թիրախների դեմ։
«Պատասխան միշտ կլինի», - ասել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան հարվածում է բրիտանական, Ռուսաստանը՝ միջմայրցամաքային հրթիռներով