Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամբիոնից այսօր խոսեց միջուկային անվտանգությանը սպառնացող վտանգի մասին, որը, ըստ նրա, Ռուսաստանը ստեղծեց պատերազմի սկզբում դեռ Զապորոժեի ատոմակայանի գրավմամբ։
Զելենսկին ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Ուկրաինայում բազմաթիվ էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտներ այժմ ավերվել են ռուսական հրթիռակոծությունների պատճառով։ Շեշտեց՝ միջուկային անվտանգությունն ուկրաինական «խաղաղության պլանի» առաջին կետն է. - «Պուտինն արդեն շատ բան է գողացել, բայց աշխարհի ապագան նա չի գողանա»։
Արդեն վաղը Ուկրաինայի նախագահը իր «խաղաղության ծրագիրը», որի հիմքում «Ռուսաստանին խաղաղություն պարտադրել» բանաձևն է, ներկայացնելու է ԱՄՆ նախագահին։
Մինչդեռ Մոսկվայից արդեն սպառնում են։ Կրեմլի խոսնակն արդեն ասել է՝ Ռուսաստանին «խաղաղություն պարտադրելու» Զելենսկու դիրքորոշումը ճակատագրական սխալ է։
«Անհնար է Ռուսաստանին խաղաղություն պարտադրել։ Ռուսաստանն ինքն է խաղաղության ձգտում, բայց պայմանով, որ ապահովվեն Ռուսաստանի անվտանգության հիմքերը, և կատարվեն այն խնդիրները, որոնք դրված են հատուկ ռազմական օպերացիայի առջև», - ասել է Դմիտրի Պեսկովը։
Պուտինը կանգ չի առնելու. Զելենսկին՝ ՄԱԿ-ում
Պուտինը կանգ չի առնելու, դեռ երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ահազանգել էր Ուկրաինայի նախագահը։
«Պուտինն այնքան միջազգային նորմեր ու կանոններ է խախտել, որ ինքնուրույն կանգ չի առնի: Ռուսաստանին միայն կարելի է պարտադրել խաղաղության, և դա հենց այն է, ինչ անհրաժեշտ է՝ Ռուսաստանին պարտադրել խաղաղություն՝ որպես այս պատերազմի միակ ագրեսոր», - ասել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պատերազմի ավարտն ավելի մոտ է, քան շատերը կարծում են». Զելենսկի
Զելենսկին պնդում էր նաև, որ Ռուսաստանը պատրաստ է թիրախավորել երեք ուկրաինական ատոմակայան, շեշտելով, թե Ուկրաինայի դեմ պատերազմը «չի կարող ավարտվել զրույցներով, անհրաժեշտ են գործողություններ»:
Աշխարհը պետք է աջակցի իր «խաղաղության պլանին», ասել է Զելենսկին և բոլոր երկրներին հրավիրել մասնակցել խաղաղության երկրորդ գագաթնաժողովին։ Մոսկվան ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը դրան չի մասնակցի։
Թրամփ-Զելենսկի հանդիպումը չի կայանա. AP
Նախատեսված էր, որ Զելենսկին իր «խաղաղության ծրագիրը» կներկայացնի ոչ միայն նախագահ Բայդենին, այլև նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսին և Դոնալդ Թրամփին։ Սակայն, AP-ն, հղում անելով հանրապետական թեկնածուի շտաբի աղբյուրին, գրել է, թե Թրամփը Զելենսկու հետ չի հանդիպելու։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին ԱՄՆ-ում է, որտեղ ներկայացնելու է խաղաղության Կիևի պլանը
Ե՛վ Թրամփը, և՛ նրա թիմակիցները բազմիցս հայտարարել են, որ ռուս-ուկրաինական պատերազմին պետք է վերջ տալ, սակայն ինչպես դա անել, չեն ասել։ Թրամփը միայն բազմիցս պնդել է, թե նախագահ ընտրվելու դեպքում դա կանի մի քանի օրում։
Իրավիճակը ճակատում շարունակում է ծանր մնալ
Ուկրաինայի նախագահի այցը Միացյալ Նահանգներ անցնում է ռուսների չդադարող հարձակումների ֆոնին։ Այսօր Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Դոնեցկի մարզում ուկրաինական երկու նոր գյուղ գրավելու մասին։
Ընդհանրապես իրավիճակը ճակատում շարունակում է ծանր մնալ, ռուսական բանակը գրոհում է մի քանի ուղղություններով։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրության համաձայն՝ ռուսական զորքերը, օգտվելով կենդանի ուժով և տեխնիկայով իրենց առավելությունից, շարունակաբար գրոհում են ուկրաինական դիրքերը։ Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է 154 ռազմական բախում։
Զեկույցում նշվում է, որ ռուս զինվորականները երեք անգամ փորձել են գրոհել Վոլչանսկի մոտ՝ Խարկովի ուղղությամբ։ Մարտեր են ընթանում Կուպյանսկի, Լիմանսկի, Սեվերսկի, Կրամատորսկի, Տորեցկի, Պոկրովսկի ուղղություններով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 5 զոհ Խարկովում՝ ռուսական ավիահարվածի հետևանքով
Ռուսական բանակը հարվածներ է հասցնում նաև Ուգլեդարի շրջանում ուկրաինական դիրքերի վրա։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքը լիակատար շրջափակման սպառնալիքի տակ է։ Սա իր հերթին վտանգ է ներկայացնում Ուկրաինայի զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման համար։
Քաղաքը ռուսները դեռ չեն գրավել, այսօր հայտարարել է Դոնեցի մարզի նահանգապետ Վլադիմիր Ֆիլաշկինը. - «Քաղաքի մատույցներում թշնամու զորքեր չկան, քաղաք են մտնում դիվերսանտների խմբեր, բայց մեր պաշտպանները փորձում են տապալել նրանց, քաղաքը չի գրավվել, և հուսանք, որ դա տեղի չի ունենա»:
Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի զեկույցում խոսվում է Կուրսկի մարզում տիրող իրավիճակի մասին։ Ուկրաինացի զինվորականները պնդում են, որ վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական ինքնաթիռները 13 ավիահարված են հասցրել սեփական տարածքին։
Չի դադարում նաև ուկրաինական քաղաքների ռմբակոծությունը։ Միայն Խարկովում երեկվա հրթիռակոծության հետևանքով 3 մարդ էր զոհվել, 40-ից ավելի խաղաղ բնակիչ էլ՝ վիրավորվել։