Պուտինի ու Թրամփի հանդիպման կազմակերպման իրական ազդակներ դեռ չեն եղել․ Պեսկով

Թրամփն ու Պուտինը Հելսինկիում, 2018թ․

«Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունների կազմակերպման համար նախադրյալներ դեռ չկան», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Հարցին, թե կա՞ հանդիպման հնարավորություն նախքան Թրամփի երդմնակալությունը, Պեսկովը պատասխանել է․ - «Առայժմ իրական ազդակներ չեն եղել»։

Կիրակի օրը Թրամփը հայտարարել էր, թե պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ՝ «ռուս - ուկրաինական պատերազմին վերջ տալու համար»։

Նախագահական ընտրություններում հաղթելուց հետո իր առաջին ասուլիսի ժամանակ Թրամփը հայտարարեց, որ կխոսի թե՛ Պուտինի, թե՛ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ Ուկրաինայում պատերազմի հնարավոր ավարտի հարցով՝ նշելով, որ «փորձում են կանգնեցնել այս սարսափելի պատերազմը, և որոշ փոքր առաջընթաց կա»։

Թրամփը Զելենսկու հետ վերջին անգամ հանդիպել է դեկտեմբերի 7-ին Փարիզում։ Այս հանդիպումից հետո նա Ուկրաինային և Ռուսաստանին խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել։ Ապա տեղեկություններ եղան, թե Թրամփը խոսել է նաև Պուտինի հետ։ Ո՛չ Կրեմլը, ո՛չ Թրամփը չեն հաստատել կամ ուղիղ հերքել այս տեղեկությունը։

Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ քանիցս հայտարարել է, որ մտադիր է վերջ դնել ուկրաինական հակամարտությանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփի հատուկ բանագնացը հունվարի սկզբին կայցելի Ուկրաինա, այց Մոսկվա չի նախատեսվում․ Reuters