Պոկրովսկի և Միրնոգրադի իշխանությունները տեղի բնակիչներին տարհանման կոչ են արել

Բնակիչները լքում են Պոկրովսկը, 19-ը օգոստոսի, 2024թ․

Ռուսական բանակի հարձակմանն ընդառաջ Պոկրովսկի և Միրնոգրադի իշխանությունները տեղի բնակիչներին տարհանման կոչ են արել։

Տեղի իշխանությունները հստակեցրել են՝ բնակիչները Պոկրովսկը պետք է լքեն երկու շաբաթվա ընթացքում, իսկ Միրնոգրադի բնակիչները պետք է լքեն քաղաքը մոտակա օրերին։

Պոկրովսկը համարվում է ամենաակտիվ մարտական գործողությունների ուղղություններից մեկը։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ անցած շաբաթ ռուսական զորքերը գտնվել են ծայրամասերից 10 կիլոմետրից մի փոքր ավելի հեռու։ Պոկրովսկն Ուկրաինայի արևելքում տրանսպորտային կարևոր հանգույցներից է։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը երեկ հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում 145 ռազմական բախումներ են տեղի ունեցել, որոնցից 45-ը՝ Պոկրովսկի ուղղությամբ։

Քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Դոբրյակն «Ազատության» ուկրաինական ծառայությանն ասել է, որ տեղի բնակիչները պետք է որքան հնարավոր է շուտ հեռանան քաղաքից։ «Նրանք մեկ կամ երկու շաբաթ ունեն, ոչ ավելին», - ասել է Դոբրյակը։

Իսկ Միրնոգրադը, որը գտնվում է Պոկրովսկից հինգ կիլոմետր հյուսիս-արևելք, արդեն երեք օր է ռուսական հրետանու կրակի տակ, ասել է ռազմական վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Յուրի Տրետյակը։

Ակտիվ ռազմական գործողություններ են տեղի ունենում քաղաքից ընդամենը 6 կիլոմետր հեռավորության վրա, ասել է նա՝ նկատելով․ - «Եթե Պոկրովսկում դեռ երկու շաբաթ կա, ապա Միրնոգրադում ընդամենը մի քանի օր է մնացել»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինական պատերազմի երկու ճակատներում իրավիճակը թեժ է մնում