Լոռու ու Տավուշի մարզերի հեղեղներից 2 ամիս անց Հայաստանի կառավարությունը սկսում է մշակել հեղեղումների ռիսկերի քարտեզներ։ Շրջակա միջավայրի նախարարությունը դրանցում ներառելու է այն բնակավայրերն ու տարածքները, որտեղ հեղեղների հնարավոր վտանգ կա։ Հայաստանը մինչ այս նման քարտեզներ չի ունեցել։
«Այդ գոտում առկա ամբողջ տեղեկատվությունը՝ և ջրային օբյեկտների վերաբերյալ, լճեր, գետեր, արհեստական օբյեկտներ, ճանապարհային ցանց, բնակավայրեր, շենք-շինություններ, այդ տարածքում գոյություն ունեցող ամեն ինչ, ինչը կարող է հեղեղի արդյունքում վտանգի ենթարկվել», - ասաց Շրջակա միջավայրի նախարարության Ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանը։
Նրա խոսքով՝ հեղեղումների ռիսկի քարտեզները կարևոր նշանակություն կունենան ջրային աղետների վտանգը նվազեցնելու, կանխարգելելու առումով. - «Արդեն իսկ քեզ հստակ տվյալ է տալիս, որ այդ գոտին հեղեղավտանգ է, և այդ գոտիների համար անհրաժեշտ են համապատասխան միջոցառումներ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կառավարությունը կստեղծի «հեղեղումների վտանգների և առաջացման ռիսկերի քարտեզներ»Արդյոք կառավարության որոշումը պայմանավորված է երկու ամիս առաջ 4 մարդու կյանք խլած ու բազմաթիվ ավերածությունների պատճառ դարձած հեղեղումներով, գործադիրից ասում են, թե սա հայաստանյան օրենսդրության պահանջն է ու Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձած պարտավորության արդյունք։
Կառավարութունից, սակայն չեն հստակեցնում՝ ինչու այդ դեպքում Երևանն ավելի վաղ չի սկսել մշակել հեղեղումների ռիսկերի քարտեզները, եթե դա Եվրամիության հետ դեռ 2017 թվականին կնքված համաձայնագրի պահանջն է։
«Մենք ունենք աղետների կառավարման ռազմավարություն, բայց հիմնական ուշադրությունը դարձված է երկրաշարժերի վրա։ Պարզ է՝ երկրաշարժերը հաճախակի են Հայաստանի համար», - ասաց ջրային ռեսուրսների մասնագետ Արևիկ Հովսեփյանը։
Նա կարծում է, որ մայիսյան հեղեղներն են պատճառ դարձել, որ կառավարությունն արագացնի քարտեզների մշակման գործընթացը։ Մասնագետի գնահատմամբ՝ պետությունը այս քարտեզները վաղուց պետք է ունենար՝ հեղեղումների դեմ արդյունավետ պայքարի համար։
«Երբ մենք սկսել ենք խոսել կլիմայի փոփոխության և կլիմայի անորոշությունների մասին, այդ օրվանից պիտի սկսեինք մտածել, որ այդ անորոշություններից մեկը հեղեղների վտանգն է, ու հեղեղների վտանգը որ լինի, ինչ պիտի անենք։ Անորոշություններից մյուսը երաշտներն են», - նկատեց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանի քաղաքապետարանը «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը վերանայելու «առաջարկներ է ներկայացրել կառավարություն»
Ըստ պաշտոնական տվյալների`Հայաստանի տարածքի 30 տոկոսում ուժեղ սելավների և ջրածածկումների վտանգ կա։ Սելավային վտանգներով մարզերն են Սյունիքը, Տավուշը, Գեղարքունիքը։ Կառավարությունը ծրագրում է այդ մարզերում մինչև 2030 թվականը առնվազն 15 տոկոսով նվազեցնել սելավների ռիսկը։