Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետարանը «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը վերանայելու «առաջարկներ է ներկայացրել կառավարություն»


Երևանը հուլիսի 18-ին, 2024թ.
Երևանը հուլիսի 18-ին, 2024թ.

Երևանը կաթվածահար արած հորդառատ տեղումներից հետո քաղաքապետարանը հայտարարում է՝ «Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը վերանայելու առաջարկներ են ներկայացրել կառավարություն, սպասում են հետագա քննարկումներին։

Այս տարի մի քանի անգամ առատ տեղումների ժամանակ Երևանի տարբեր հատվածներում գետեր ու լճեր գոյացան։ Քաղաքապետարանը, սակայն, վատ աշխատանքի համար պատասխանատվություն չէր ստանձնում՝ պնդելով, թե «Վեոլիա ջրի» պարտավորությունն է։ Քաղաքը հեղեղած գարնանային տեղումներից հետո մի քանի ամիս ժամանակ կար մայրաքաղաքը հորդառատ տեղումներին նախապատրաստելու համար։ Անցած շաբաթ, սակայն, ջուրն անգամ մետրոյի կայարանը հեղեղեց։

Այդուհանդերձ, քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս մայիսին ընդունեց՝ դժգոհությունը տեղին է, ու հայտարարեց՝ պետք է լուծել խնդիրը ու այս տարվա ընթացքում վերանայել «Վեոլիա»-ի հետ կառավարության պայմանագիրը. - «Ոչ մեկին հետաքրքիր չի՝ 10 տարի առաջ ինչ պայմանագիր է եղել, այդ պայմանագիրը եկեք փոխենք»։

2016-ին կնքված պայմանագրով մինչև 2031 թվականը մակերևութային ջրերի հեռացման ամբողջ համակարգը «Վեոլիա»-ին է հանձնված։ Ընկերությունն ընդհանուր 350 կիլոմետր երկարությամբ խողովակաշարեր ու անձրևընդունիչ հորեր է վարձակալել։

Պայմանագրով «Վեոլիա»-ն, ըստ էության, արդեն իսկ եղած համակարգի շահագործումն է ստանձնել, տարեցտարի ընդլայնվող քաղաքի տարբեր հատվածներում, սակայն, հեղեղատարներ ու նման համակարգեր ընդհանրապես չկան, ու փաստացի ոչ ոք պարտավորություն չի ստանձնում այն հատվածների համար, որտեղ հեռացման համակարգեր չկան:

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը վերջին նիստին տեղեկացրեց՝ այս ընթացքում կառավարությունում խորհրդակցության են մասնակցել, ներկայացրել են և՛ հեղեղների հետ կապված խնդիրները, և՛ մյուս հարցերը, այդ թվում՝ խմելու ջրի մատակարարման գրաֆիկը։ Քաղաքապետարանը պայմանագիրը վերանայելու համար 6 կետանոց առաջարկություն է ներկայացրել կառավարություն։

«16 թվականին կնքված վարձակալության պայմանագրով «Վեոլիա ջուր»-ը չունի որևէ մետր ջրամատակարարման, ջրահեռացման նոր ցանցի ընդլայնման պարտավորություն», - ասում էր նա։

«Ազատության» հետ զրույցում քաղաքապետի խորհրդականը փակագծեր բացեց՝ ուզում են վերանայվող պայմանագրում այնպիսի դրույթներ ավելացնել, որ «Վեոլիա ջուր»-ն ընդլայնման ու ներդրումներ կատարելու պարտավորություններ ունենա։ Գործող կարգավորումներով ընկերությունը ստանձնել է միայն եղածի պահպանումն ու շահագործումը։

«Ստեղծենք առավել քան ներդրումային հնարավորություններ տվող դրույթներ, որպեսզի «Վեոլիա ջուր»-ն ինքն էլ ունենա պարտավորություն՝ ընդլայնման լայն ծավալներ անելու։ Այսօրվա «Վեոլիա»-ի ներդրումները պարտադիր կատարման աշխատանքներ են, շատ սահմանափակ ծավալ», - նշեց Արեյանը։

Պայմանագրի վերանայումն ամենաառանցքային խնդիրն է, ընդգծում է քաղաքապետարանի երկարամյա պաշտոնյան ու վստահեցնում՝ «Վեոլիա»-ն պատրաստ է այս քննարկումներին։

Ի՞նչ տեսլական ունի «Վեոլիա»-ն, ծանոթացե՞լ են առաջարկներին, համաձա՞յն են դրանց հետ. ընկերությունից հորդորեցին գրավոր դիմել, ինչն «Ազատություն»-ն արդեն արել է։

Կառավարության անունից 2016-ի պայմանագիրը կնքած Տարածքային կառավարման նախարարության ջրային կոմիտեից «Ազատության»-ը տեղեկացրին՝ այս քննարկումները բոլորովին վերջերս են սկսվել։ Առաջարկություններ նաև «Վեոլիա ջուր»-ն է ներկայացրել, հիմա, ասում են, սպասողական վիճակ է։ Մինչ այդ երևանցիները ոչ միայն հեղեղումներից են տուժում, այլև մշտական դարձած ջրանջատումներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG