Պոլիոմիելիտի դեմ պատվաստանյութի մոտ 1,2 մլն չափաբաժին արդեն հասցվել է Գազա

Արխիվային լուսանկար

Պատվաստանյութի մոտ 1,2 միլիոն չափաբաժին արդեն հասցվել է Գազա՝ սեպտեմբերի 1-ին ավելի քան 640 հազար երեխայի պոլիոմիելիտի դեմ պատվաստելու համար: Այսօր այդ մասին հայտարարել է Առողջապահության Համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Ռիկ Փիպերկորնը՝ հավելելով, որ մոտ 400 հազար հավելյալ չափաբաժին էլ ուղևորվում է դեպի տարածք։

Գազայի հատվածի առողջապահական մարմիններն այս ամսվա սկզբին հաստատել են պոլիոմիելիտի առաջին դեպքը 25 տարվա ընթացքում մանկահասակ երեխայի մոտ։

Իսրայելը և Արևմուտքի կողմից ահաբեկչական խմբավորում ճանաչված «Համաս»-ը համաձայնության են եկել Գազայի երեք գոտիներից յուրաքանչյուրում եռօրյա հրադադարի շուրջ, որպեսզի ՄԱԿ-ի հազարավոր աշխատակիցներ կարողանան պատվաստումներ իրականացնել:

«Մենք կրկնում ենք հրադադարի մեր կոչը, որպեսզի հնարավոր լինի վերականգնել առողջապահական համակարգը», - նշել է ԱՀԿ ներկայացուցիչը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելն ու «Համաս»-ը Գազայի հատվածում պայմանավորվել են գոտիավորված եռօրյա զինադադարի շուրջ