«Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը, կարծում եմ, պետք է ամուր և միանշանակ կանգնի Արցախի իրավունքների պաշտպանության դիրքերում: Մենք պարտավոր ենք հաղթել, դրա համար կա մի նախապայման, որ մենք ինքներս մեզ խոստանանք, որ ոչ մի միլիմետր չենք նահանջի մեր պատմության, մեր ժողովրդի, մեր Արցախի և մեր արժեքների պաշտպանության դիրքերից», - 2020 թվականի սեպտեմբերի 27 -ին, պատերազմի մեկնարկի օրը խորհրդարանում հնչեցրած վարչապետի ելույթից 4 տարի անց Արցախն ամբողջությամբ հայաթափված է, Լեռնային Ղարաբաղը Փաշինյանի կողմից ճանաչված որպես Ադրբեջանի անբաժանելի մաս։
Նախօրեին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի չորրորդ տարելիցին, վարչապետը Հայաստանում չէր, նա միայն այսօր է «Եռաբլուր» այցելել ու ծաղիկներ խոնարհել զոհերի հիշատակին։ Տարածված պաշտոնական տեսանյութում Փաշինյանը ծնկաչոք խոնարհվում է զոհված հերոսների շիրիմների մոտ, իսկ նրա կինը՝ Աննա Հակոբյանը՝ արտասվում։
Փաշինյանը ֆեյսբույքան իր էջում տարածված տեսանյութին, նաև կարճ տեքստ է կցել՝ գրելով՝ պատերազմում զոհվածները պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել։
«Միայն 44-օրյա պատերազմին հաջորդած տարիներին մենք խորությամբ և ամբողջությամբ բացահայտեցինք, թե ինչ է տեղի ունեցել մեր շուրջ՝ անկախության առաջին օրերից ի վեր։ Բացահայտվածն, ընդ որում, դեռ պետք է մարսենք, դեռ պետք է հասկանանք, դեռ պետք է կարողանանք ճիշտ հետևություններ անել, որը հեշտ չէ. ցավը շատ մեծ է, էմոցիաները շատ բուռն, եւ այսպիսով՝ սառը դատողության եւ վերլուծության համար տարածքը շատ փոքր։ Ինձ համար հետեւությունը մեկն է. մեր Նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել։ Այդ հնարավորությունը (չգիտակցված) սկսեցինք կորցնել Անկախության ձեռքբերումից գրեթե անմիջապես հետո, իսկ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո կորցրինք՝ թվում է անդառնալիորեն։ Նահատակները նոր հնարավորություն ստեղծեցին մեզ համար», - նշել է վարչապետը:
Թե ինչո՞ւ և ինչպե՞ս 44-օրյա պատերազմի հազարավոր զոհերը պետություն ունենալու նոր հնարավորություն ստեղծեցին, վարչապետ Փաշինյանը չի մանրամասնել, միայն նշել է, թե դա այսօրվա խոսակցության նյութ չէ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն ասաց. - «Մեր նահատակների շնորհիվ է, որ Հայաստանի Հանրապետությունը կա, մեր նահատակները նաև զոհվեցին նրա համար, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայությունն իր բնօրրանում ապրելու հնարավորություն ունենա»:
Փաշինյանի ղեկավարած ՔՊ կուսակցության փոխնախագահի խոսքով, սակայն, Լեռնային Ղարաբաղում արցախցիների ապրելու հնարավորությունը մսխվեց այն ուժերի և քաղաքական գործիչների կողմից, որոնք մերժեցին բանակցել Բաքվի հետ Սոֆիայում, ապա իշխանափոխություն իրականացրեցին Արցախում, որից հետո ստորագրեցին Արցախը լուծարելու հրամանագիրը և եկան Հայաստան։
«Ազատության» դիտարկմանը, որ մինչև այդ բոլոր իրադարձությունները Հայաստանը ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճանաչեցին Արցախը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս, Ալեքսանյանն արձագանքեց. - «Իմ մատնանշած իրադարձությունները հաջորդեցին Սոֆիայի բանակցությունները մերժելուն ժամանակագրորեն»:
Հարցին, այսինքն որևէ կապ չի՞ տեսնում Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու, դրանից հետո բլոկադայի ու հարձակման միջև, ՔՊ պատգամավորը պատասխանեց. - «Ես ասացի՝ կապն ինչի մեջ եմ ուղիղ տեսնում»:
Դատարկմանը, որ կան պնդումներ՝ եթե Փաշինյանն Արցախն Ադրբեջանի մասն չճանաչեր, չէր լինի, բլոկադան ու չէր լինի 2023-ի սեպտեմբերյան հարձակումը, նա արձագանքեց. - «2020 թվականին ոչ ոք չէր ճանաչել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս, դա ինչ-որ մի կերպ խանգարե՞ց Ադրբեջանի զինված ուժերին պատերազմ սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ»:
ՔՊ փոխնախագահը շեշտում է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը միտված է եղել բացառապես Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը ապահովմանը։
«Որովհետև երբ որ մենք տեսել ենք, որ այն ռազմական դաշինքը, որում մենք կանք փաստացի չի գործում ու մեր անվտանգության երաշխիքները չեն գործում, այո, մենք Հայաստանի անվտանգությունն ու Հայաստանի տարածքային ամբողջականությունն ապահովելու համար գնացել ենք նմանատիպ քայլի», - ասաց Ալեքսանյանը:
«Ազատության» հարցին՝ «կարո՞ղ ենք ասել գնացինք զոհողության», պատգամավորը պատասխանեց. - «Ոչ, չենք կարող ասել զոհողություն, կարող ենք ասել՝ նմանատիպ քայլի՝ մեր արտաքին քաղաքականությունը վերադարձնելով լեգիտիմության հուն»:
ժամեր անց ընդդիմությունից արձագանքեցին 44-օրյա պատերազմի մասին վարչապետի այսօրվա պնդումներին։ «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանը հակադարձեց. - «Եռաբլուր»-ի հեղինակն ինքն է, ինքն իրավունք չունի տենց բաներից խոսի»: