Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհել Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելով հերոս հայորդիների հիշատակին:
«Մեր Նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել», - իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ «Եռաբլուր»-ից:
«Միայն 44-օրյա պատերազմին հաջորդած տարիներին մենք խորությամբ եւ ամբողջությամբ բացահայտեցինք, թե ինչ է տեղի ունեցել մեր շուրջ՝ անկախության առաջին օրերից ի վեր։ Բացահայտվածն, ընդ որում, դեռ պետք է մարսենք, դեռ պետք է հասկանանք, դեռ պետք է կարողանանք ճիշտ հետեւություններ անել, որը հեշտ չէ. ցավը շատ մեծ է, էմոցիաները շատ բուռն, եւ այսպիսով՝ սառը դատողության եւ վերլուծության համար տարածքը շատ փոքր։ Ինձ համար հետեւությունը մեկն է. մեր Նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել։ Այդ հնարավորությունը (չգիտակցված) սկսեցինք կորցնել Անկախության ձեռքբերումից գրեթե անմիջապես հետո, իսկ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո կորցրինք՝ թվում է անդառնալիորեն։ Նահատակները նոր հնարավորություն ստեղծեցին մեզ համար», - նշել է վարչապետը
Նախօրեին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի մեկնարկի չորրորդ տարելիցն է: Վարչապետը երեկ «Եռաբլուր» չէր այցելել, Հայաստանում չէր: