Փաշինյանի կառավարության հրաժարականը պահանջող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը խորհրդարանում ելույթ է ունեցել։
Նա մասնակցում է Անկախության հռչակագրի թեմայով ընդդիմության հրավիրած լսումներին։
«Այո՛, այս փուլում մենք չհաջողեցինք, սակայն այս պայքարի ընթացքը շարունակվում է հակառակ բոլոր տեսակի մարդկային տկարությունների, շահերի ու խարդավանքների, որովհետև այս պայքարն այս անպատիվ ընթացքը կանգնեցնելու և մեր պետականությունը վերականգնելու մասին է»,- Աժ ամբիոնից հայտարարեց Բագրատ սրբազանը։
Շարժման առաջնորդը նշեց, թե իր սկսած պայքարի արդյունքում է կանգնել իշխանության հաջորդ ծրագիրը, հետաձգվել սահմանազատման ու սահմանագծման կանոնադրությունը, որ շուտով խորհրդարանում քննարկվելու է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանազատման կանոնակարգն ուղարկվեց ԱԺ«Այո՛, մենք այս պահին չհաջողեցինք կանգնեցնել Կիրանց-Ոսկեպարի հատվածի հանձնման աղետը, բայց, կարծում եմ, այս ընթացքում հաջողեցինք կանգնեցնել կամ հետաձգել այն ընթացքը, որը պարունակում էր, այսպես կոչված, անկլավների հանձնում ու նոր տարածքների զիջում, և այս աշխատանքային կանոնակարգ կոչվածը, որը նախատեսվում էր ստորագրել մայիս-հունիս ամիսներին, ինչու չէ, նաև Ադրբեջանի պարտադրած սահմանադրական փոփոխությունների դավադիր ծրագիրը», - հայտարարեց Գալստանյանը։
Բագրատ սրբազանը դիմեց Փաշինյանի թիմակիցներին, թե պատասխանատվության ժամը մոտ է։
«Պատասխանատվության ժամը հասնելու է և, վստահեցնում եմ, այն հեռու չէ։ Այս կառավարության ղեկավարն ամբողջությամբ գիտակցում է՝ ինչ արագությամբ ու խորությամբ է ձախողել մեր պետականությունը, դրա հիմքերն ու ինքնիշխանությունը։ Եվ այս պատճառով քաջ գիտակցելով իր հանցանքի չափաբաժինը՝ փորձում է հանցակից դարձնել իր շուրջը գտնվող բոլորին անխտիր։ Այլապես ինչո՞ւ նոյեմբերի 9-ին խայտառակ փաստաթուղթը, դրան հաջորդած բոլոր փաստաթղթերը, ներառյալ հոկտեմբերի 6-ի Պրահայի փաստաթուղթը, որով հանձնվեց Արցախը, չներկայացվեցին ո՛չ Սահմանադրական դատարան, ո՛չ Ազգային ժողով, սակայն այս կանոնակարգ կոչվածը, որն անգամ ինքը չի ստորագրել, անցնում է այս ընթացակարգով։ Մեկ նպատակով՝ հանցակից դարձնել բոլորին՝ ՍԴ, ԱԺ և նույնիսկ իր կուսակցությանն ու խմբակցությանը։ Նա աճուրդի է հանել ոչ միայն մեր պետությունն ու կենսագրությունը, մեզ բոլորիս, այլև իր իսկ թիմակիցներին», - հայտարարեց սրբազանը։
Ապրիլին սահմանազատման դեմ պայքար սկսած Բագրատ սրբազանը Տավուշից, ավելի կոնկրետ Կիրանց գյուղից քայլերթով Երևան էր եկել, ինչից հետո մայիսի 9-ին մայրաքաղաքում հանրահավաք եղավ, ապա սկսվեցին բողոքի ակցիաները, ցույցերը:
Բագրատ սրբազանի ավելի քան մեկուկես ամսվա անհնազանդության ակցիաներն ու հանրահավաքներն ավարտվել էին հունիսին՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանության հետ տեղի ունեցած բախումներով: Այս պայքարի սկզբից իշխանականները պնդել են, թե վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջը կեղծ օրակարգ է։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ավելի վաղ վստահություն էին հայտնել՝ աշնանն էլ շարժումը հաջողության չի հասնի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բագրատ սրբազանը հայտարարում է պայքարի ակտիվ փուլ մտնելու մասին