Խաղաղության պայմանագրի հոդվածների հրապարակումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ, Ադրբեջանին առիթ կտա հրաժարվել պայմանագրի ստորագրումից։ Այս մասին այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրանի այն հարցին, թե ինչու է իշխանությունը գաղտնի պահում խաղաղության պայմանագրի փաստաթուղթը, այն դեպքում, երբ վարչապետ Փաշինյանը իշխանության գալուց հետո խոստանում էր ժողովրդի թիկունքում ոչինչ չանել։
«Խաղաղության պայմանագրի հոդվածների հրապարակումը այն կողմին, որը չի ուզում ստորագրել պայմանագիր, առիթ կտա ասել, որ խախտված են դիվանգաիտական էթիկայի բոլոր նորմերը և հետևաբար ...», - ասաց նա։
Վարչապետ Փաշինյանը պնդեց, թե իրականում խաղաղության պայմանագրի բովանդականությունը հանրության համար պարզ է և բացահայտված. - «Որևէ գաղտնիք չկա, կա պարզապես դիվանագիտական կոռեկտության հարց, քանի որ ոչ աշխատանքային փատաղթուղթը 2 -րդ շահառու էլ ունի, և այն միակողմանի հրապարակելը կոռեկտ չէ»։
Ապա Նիկոլ Փաշինյանը թվարկեց, թե ինչ կետեր են ընդգրկված խաղաղության պայմանագրի տեքստում. - «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին է խոսք գնում, այդտեղ խոսք է գնում խաղաղության պայմանագրի իրականացման ընթացքը մոնիտորինգի ենթարկող երկկողմ հանձնաժողողի մասին, փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու և տարածքային պահանջներ չունենալու մասին է խոսք գնում»։
- Երևանն ու Բաքուն հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի մոտ 80 տոկոսի շուրջ ընդհանուր հայտարարի են եկել։ Երևանն առաջարկում է ստորագրել համաձայնեցված դրույթները, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումներ մնացած հարցերի վերաբերյալ։
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև վերահաստատել է խաղաղության պայմանագրի այս պահին համաձայնեցված տեքստը ստորագրելու, չհամաձայնեցված հարցերը ապագային թողնելու պատրաստակամությունը։ Փաշինյանի այս առաջարկը Բաքուն մերժել է։ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։