Փաշինյան-Ալիև կազանյան երեկվա երկկողմ հանդիպումից հետո նախ Հայաստանի, ապա Ադրբեջանի նախագահները հրամանագրերով վավերացրեցին հայ - ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։ Հայաստանում այն Սահմանադրական դատարան է ուղարկվել, խորհրդարանով անցել, իսկ Ադրբեջանում հաստատվեց նախագահի հրամանագրով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները ստորագրեցին սահմանազատման կանոնակարգըՀենց այդ գործընթացներից հետո պետք է որոշվի՝ որ հատվածներն են հաջորդիվ սահմանազատվելու։
Բայց կազանյան երեկվա հանդիպումից հետո բաց է մնում հարցը՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները համաձայնեցված 16 կետերով խաղաղության պայմանագիր կնքելու Երևանի առաջա՞րկն են քննարկել, թե՞ Բաքվինը, որտեղից պնդում են՝ պայմանագիրը կնքելու համար պետք է համաձայնության գալ բոլոր կետերի շուրջ։ Արդյոք Հայաստանի առաջարկը դո՞ւրս եկավ օրակարգից, այս պահին բանակցությունների սեղանին կրկի՞ն Բաքվի՝ Երևան ուղարկված 17 կետերն են։
«Լրացուցիչ այլ տեղեկություն պատեհ պահին կհայտնի արդեն պաշտոնական հաղորդագրությամբ վարչապետի աշխատակազմը: Հանդիպումը նոր է տեղի ունեցել, օբյեկտիվ պատճառներով այս պահին հնարավոր չի սրանից ավել տեղեկատվություն հայտնել», - հայտարարեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների գրասենյակների երեկ տարածած միանման հաղորդագրություններից ավելին իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» այսօր տեղեկություններ չփոխանցեցին Փաշինյան-Ալիև կազանյան հանդիպումից։
Խաղաղության պայմանագիրը երեկ քննարկած երկու երկրների ղեկավարներն արտգործնախարարներին հանձնարարել են շարունակել համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին Կազանում. նախարարներին հանձնարարեցին շարունակել բանակցությունները«Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը չի փոխվել, Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը համաձայնեցված հոդվածների շուրջ, որոնք, մեր գնահատմամբ և մեր համոզմամբ, ամբողջությամբ պատասխանում են այն հարցին, թե որոնք պիտի լինեն հիմնարար սկզբունքները, որով պիտի կարգավորվեն հարաբերությունները, և նաև հնարավորություն է տալիս վստահության մթնոլորտ ձևավորելու», - ասաց ՔՊ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը՝ շարունակելով. - «Մենք պատրաստ ենք արդեն իսկ այսօր ստորագրել, պատրաստ էինք նաև երեկ, այսինքն՝ մենք գտնում ենք, որ որևէ բան, բացառությամբ Ադրբեջանի կողմից քաղաքական կամքի արտահայտման, այս պահին չի խոչընդոտում, որպեսզի խաղաղության պայմանագիրը կնքվի»:
«Զուտ վիզուալ՝ ոնց որ երկու ընկերների մտերմիկ խոսակցություն էր». - խորհրդարանական ընդդիմությունը շտապողականություն է տեսնում Հայաստանի իշխանության գործողություններում, ընդ որում՝ թե՛ «Հայաստան», թե՛ «Պատիվ ունեմ» խմբակցությունները կարծում են՝ Փաշինյանը շտապելու մի պատճառ ունի՝ հաջորդ քարոզարշավում փաստաթուղթը որպես հաղթաթուղթ օգտագործելու համար:
«Հայաստանի Հանրապետության անվտանգային շահերը բացարձակ սեղանի վրա չեն, սեղանի վրա է Փաշինյանի իշխանության պահպանումը և սեղանի վրա է խաղաղության բառի օգտագործման հնարավորությունը հաջորդ էլեկտորալ, հաջորդ ընտրական պրոցեսների ժամանակ», - հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Հիմք մի փաստաթուղթ ունենան, որը կարողանան էնքան ճոռոյացնել, որ մարդկանց նորից խաբեն. էդ ձևը լավ տիրապետում են, մարդկանց հոգեբանությունը լավ զգում են: Մարդիկ, իհարկե, պատերազմ չեն ուզում, ոչ ոք պատերազմ չի ուզում», - իր հերթին, ասաց «Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանը:
Դաշնակցական Ռուստամյանն Ադրբեջանի՛ մոտ չի տեսնում մինչև տարեվերջ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ցանկություն։ Երևանին ու Բաքվին նախօրեին նման կոչով նաև ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենն էր դիմել։
«Նրանք էնպիսի նշաձող են դրել, որ ես չեմ կարծում, որ դրանից իրենք կհրաժարվեն. նրանք ասում են՝ «էս պահանջները պետք է բավարարվի, որ մենք վստահ լինենք, որ էստեղ իսկապես իրական խաղաղություն եք դուք ուզում»: Այսինքն ինչի՞ պիտի հրաժարվեն, ոչ մի բան չի երևում, որ դա կարող են փոխել իրենք», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպման պայմանավորվածություն երեկ արդյոք ձեռք բերվե՞լ է, եթե՝ այո, որտե՞ղ ու ե՞րբ կհանդիպեն նախարարները. Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանն ասաց՝ պայմանավորվածություն լինելու դեպքում կտեղեկացնեն:
Փաստացի, վերջին մեկ շաբաթում թե՛ ղեկավարները, թե՛ արտգործնախարարները հանդիպեցին՝ երեկ՝ Փաշինյանն ու Ալիևը BRICS-ի շրջանակներում Կազանում, Միրզոյանն Բայրամովը՝ մեկ շաբաթ առաջ տարածաշրջանի «3+3» հավաքի կուլիսներում Ստամբուլում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանն ու Բայրամովը պայմանավորվել են շարունակել ջանքերը պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբ