Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների վերջին զարգացումներն ու հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները:
Ըստ հայկական կողմի՝ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին:
Դուդայի գրասենյակը ևս հաղորդում է, որ Փաշինյանի հետ Լեհաստանի նախագահը քննարկել է, մասնավորապես, տարածաշրջանի անվտանգության խնդիրները՝ առանց այլ մանրամասներ ներկայացնելու։
Երևանը նոյեմբերի 5-ին ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները։ Ավելի վաղ արտգործնախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմի հետ աշխատում են փաստաթղթի «մեկ-երկու ձևակերպման» շուրջ, որից հետո, ըստ նրա, այն պատրաստ կլինի ստորագրման։
11-րդ խմբագրումը ստանալուց հետո պաշտոնական Երևանը հայտարարեց, որ մեկ-երկու հարց շարունակում է մնալ չհամաձայնեցված: Բաքվից էլ նշել են, որ դրանցից երկուսը վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդների դուրս բերմանը և Հայաստանի հետ իրավական վեճերի բացառմանը։ Օրերս Հանրային հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը Բաքվին առաջարկել է ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանազատված հատվածներից։
2023-ի փետրվարից ի վեր, երբ Հայաստան եկան եվրոպացի դիտորդներ՝ Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Եղեգնաձորի, Մարտունու և Իջևանի գրասենյակներից հայ - ադրբեջանական սահմանները դիտարկելու և սահմանամերձ շրջաններում կայունությանը նպաստելու առաքելությամբ, Ադրբեջանը պարբերաբար քննադատում է անզեն դիտորդներին, անգամ լրտեսության մեջ մեղադրում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը Բաքվին առաջարկել է ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանազատված հատվածներից. արձագանքներ
Նախքան Հայաստան ժամանելը Դուդայի գրասենյակը հաղորդել էր, որ Երևանում Լեհաստանի նախագահը կքննարկի տարածաշրջանում տիրող իրավիճակն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը շարունակվում է, և մենք հուսով ենք, որ այն շուտով կավարտվի», - լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել էր Լեհաստանի նախագահի միջազգային քաղաքականության բյուրոյի ղեկավար Մեսկո Պավլակը՝ ընդգծելով, որ երկու շաբաթ առաջ Դուդան Բաքվում մասնակցել է COP29 համաժողովին, հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ և քննարկել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններում տիրող իրավիճակը և խաղաղության գործընթացը։
«Այժմ հայկական կողմի հետ խոսելու ժամանակն է», - ասել է նախարարը՝ չմանրամասնելով ադրբեջանական կողմի հետ տեղի ունեցած զրույցները։
«Ցանկանում ենք, որպեսզի բոլոր հակամարտությունները խաղաղությամբ ավարտվեն», - այսօր Երևանում՝ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսում, հայտարարեց Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։
Երեկ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Դուդան Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցում Լեհաստանի պատրաստակամությունը հայտնեց։
«Ես այս հարցը քննարկել եմ նաև Բաքվում՝ COP29-ի շրջանակներում, նախագահ Ալիևի հետ։ Ցանկանում ենք, որ հայերը խաղաղ ապրեն իրենց հողում՝ կովկասյան տարածաշրջանում ունենալով իրենց սուվերեն պետությունը՝ կայուն և հստակ նշված սահմաններով։ Այդ խաղաղությունը շատ կարևոր է նաև եվրոպական տարածաշրջանի համար։ Եթե մեր օգնության կարիքը լինի, մենք պատրաստ ենք այն ցուցաբերել», - հայտարարեց Լեհաստանի նախագահը։
Սա Լեհաստանի նախագահի առաջին այցն է Հայաստան վերջին 13 տարվա ընթացքում։
Այսօր Դուդան կայցելի Երասխ՝ մասնակցելու Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության հետ համատեղ պարեկությանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարշավան պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը․Դուդա