Փարաջանովի 100-ամյակին նվիրված պերֆորմանսը Օպերայի շենքի վրա և շուրջը ոչ բոլորին է դուր եկել

Օպերայի շենքի գլխին աքաղաղ է թառել, ամբողջ գետինն էլ պատված է գրքերով: Օպերայի դահլիճում այսօր և վաղը ներկայացում է՝ նվիրված Սերգեյ Փարաջանովին. մեծ արվեստագետի 100-ամյակն են նշում: Այս պերֆորմանսը, սակայն, ոչ բոլորին է դուր եկել:

«Ոչ, երևի թե, անունն են լսել, ոչ էլ հասկանում են սիմվոլիկան Փարաջանովի: Իրենց համար սա լրիվ ընդունելի տարբերակ է, ի՞նչ վատ է՝ գրքերը փռել են, սիրուն քամին թերթերը շրջում է... », - քննադատողը գեղագիր Ռուբեն Մալայանն է:

Գեղագիր Ռուբեն Մալայան, լուսանկարը՝ սոցցանցերից

Իսկ Օպերայի վրա, շուրջը, կողքին տեղի ունեցողի պատասխանատուն՝ ռեժիսոր Վահան Բադալյանն արձագանքում է. - «Գիտե՞ք, արվեստագետների արված աշխատանքի ընկալումը այնքան սուբյեկտիվ է միշտ լինում, դրա համար էլ ես շատ նորմալ եմ վերաբերվում՝ ով ինչպես ընկալում է: Ես խոսում եմ մի լեզվով, եթե էդ լեզուն մարդիկ հասկանում են, շատ ուրախ եմ, եթե չեն հասկանում, ոչ մի խնդիր չեմ տեսնում դրա մեջ»:

Ռեժիսոր Վահան Բադալյանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 21-ը հոկտեմբերի, 2024թ.

Ներկայացումը դեռ չդիտած, ոմանք, պերֆորմանսից վրդովված, սոցիալական հարթակներում թեժ քննարկումներ են ծավալել։
Գեղագիր Մալայանը պնդում է՝ գիրքը հատակին չեն դնում, սա անարգանք է գրքի նկատմամբ, մակերեսային վերաբերմունք՝ Փարաջանովին։

«Նախ, եթե հիշենք Փարաջանովի հենց «Նռան գույն»-ի մեջ, էդ ամբողջ տեսարանները, որտեղ որ գրքերը փռված են, եկեղեցու տանիքի վրա են փռված, խալիների վրա են փռված, հողի վրա են փռված, խոտի վրա են փռված: Երբ որ դու, կներեք արտահայտությանս համար, էդ թքոտ-մրոտ ասֆալտի վրա ես գիրքը դնում, դու արդեն սկզբունքորեն սխալ բան ես անում», - շեշտում է Մալայանը:

Ժամանակակից թատրոնի կյանքում նորարար ռեժիսորի համբավ ունեցող Վահան Բադալյանը քննադատությունը ողջունում է, բայց ասում է՝ հակադարձելու շատ բան չունի, հատկապես որ այս անգամ էլ իր մոտեցումն արվեստին ավանդական ճանապարհով չի եղել։

Մեղադրանքը, թե գիրքը կեղտոտ գետնին էր, անհիմն է համարում՝ դրանք սովետական ժամանակներից մնացած տեխնիկական և գործածությունից դուրս տպագրություններ են, որոնք փոշի էին հավաքում գրադարանների արխիվներում. - «Տեխնիկական գրականություն է տարբեր տեսակի, ուղղակի փորձեցինք էդ ժամանակաշրջանին հարազատ մնալ»:

Եթե Օպերայի գլխին ալեհավաք կա, աքաղաղ էլ կլինի, քննադատ Մալայանն է իր վրդովմունքը շարունակում։ Բադալյանն էլ հարց է բարձրացնում՝ տեսնես ի՞նչ կաներ ինքը՝ Փարաջանովը:

«Ո՛չ Փարիզում կանեն, ո՛չ Նյու Յորքում կանեն, նույնիսկ Դելիում էլ տենց բան չեն անի: Եկեք դրանից սկսենք, հա՞, եթե մենք ուզում ենք, որ արվեստը սկսի մեր կյանքում ինչ-որ որոշակի գոնե դրական դեր խաղա, եկեք մաքրենք էդ աղբը, հա՞, եկեք կարգավորենք էդ հարցերը: Դրանք կարևոր հարցեր են, որովհետև իրենք ենթագիտակցության մակարդակի վրա են ազդում, մարդիկ անցնում են, տեսնում են դա, ու իրենց ենթագիտակցության մեջ արդեն համ Օպերան է արժեքազրկվում, համ էն ամեն ինչը, ինչ որ կապված է Օպերայի հետ», - ասում է Մալայանը:

«Թե Փարաջանովը ինչ կաներ ճարտարապետական էս կոթողի հետ, եթե դա լիներ ֆոտո, օրինակ, հա՞, Օպերան, եթե իր թանգարանում լինեք, վստահ եմ՝ նմանատիպ բազմաթիվ աշխատանքներ կտեսնեք», - նշում է Բադալյանը՝ շարունակելով. - «Ճաշակի խնդիր է՝ մեկին դուր է գալիս, մեկին դուր չի գալիս, բայց ես շատ նաև ուրախ եմ էս աղմուկի համար, որը շատ անսպասելի էր, անկեղծ ասած. կարծում եմ՝ լավ առիթ է, որ նաև մարդիկ իմանան՝ ով է Փարաջանովը, որովհետև 100-ամյակը եթե նշում ենք, լավ առիթ է ճանաչելու, հետաքրքրվելու: Որովհետև երեկ փաստը ցույց տվեց, որ շատ մարդիկ մոտենում անընդհատ հարցնում են՝ ի՞նչ է, ո՞վ է Փարաջանովը, կամ էս գրքերը ինքն է՞ գրել»:

«Ես հասկանում եմ միտումը, որ ուզում են պոպուլյարիզացնեն Փարաջանովին և «Նռան գույնը», և այլն, դա այդպես չի արվում: Այսինքն՝ բոլոր էն մարդիկ, ովքեր ծանոթ են Փարաջանովի հետ, նման բան տեսնելուց ուղղակի հասկանում են, որ սա մանկական վերաբերմունք է Փարաջանովի հանդեպ, որը ի սկզբանե անհարգալի վերաբերմունք է: Տենց չի կարելի անել, եթե դու հարգանք ունես մեծ վարպետի նկատմամբ, դու նման բան չէիր անի: Այսինքն՝ եթե նույնիսկ մտքումդ անցել է, որ, հա, գեղեցիկ տեսարան կարող ես ստանալ գրքերը այդպես շարելով, հաջորդ հարցը պիտի լիներ՝ իսկ արդյո՞ք մենք ճիշտ ձև ենք դա անում», - ընդգծում է Մալայանը:

Կա՞ արդյոք արվեստում ճիշտ ձև։ Բադալյանին սա վաղեմի գրաքննությունն է հիշեցնում։ Քննադատողների դաշտից հանդես եկող Մալայանն էլ հորդորում է հանգիստ թողնել Մայակովսկիի մուրճը։

«Մենք հիմա Մայակովսկիի ժամանակ չենք ապրում, ու հիմա հեղափոխություն՝ մշակութային հեղափոխություն անել Հայաստանում անել այ տենց՝ բավականին պրոբլեմատիկ է, իմ կարծիքով, այդպես չի արվում», - պնդում է գեղագիրը:

«Ներկայացման մեջ հնչող բոլոր ֆրազները, որ էսօր երեկոյան կլինեն, ֆենոմենալ, էսպես, շրջանաձև հետ են վերադառնում այդ ժամանակները, էդ գրաքննությունը, և այլն, և այլն, մի քիչ դա է ինձ վախեցնում», - ասում է Բադալյանը:

Հարյուրամյա Փարաջանովն այսօր Վահան Բադալյանի ներկայացման միջոցով կփորձի հաղորդակցվել հանդիսատեսի հետ. թառը, գիրքը, աքաղաղը ու էլի մի շարք էլեմենտներ մի փոքր հուշում են այն մասին, որ աշխարհում կար մի մարդ՝ Սերգեյ Փարաջանով անունով, որը ձեռնոց նետեց իր ժամանակակիցներին։