Կարմիր գորգ, փողկապներ, կառավարական հանձնաժողով, ելույթներ, շնորհակալական խոսքեր. դժվար թե Փարաջանովի երևակայությանն այսկերպ գծագրեր իր տարեդարձը, բայց հենց այսպես այսօր կինոյի տանը մեկնարկեցին աշխարհահռչակ կինոռեժիսորի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը:
Նախ ԿԳՄՍ նախարարն ու վարչապետի աշխատակազմի ղեկավարն անցան կարմիր գորգով, կտրեցին կարմիր ժապավենը՝ բացելով մաեստրոյի առաջին ամբողջական արձանը Երևանում։
«Պետական այրերով, բարեկամներով ու անգամ թշնամիներով ենք նշում մաեստրոյի 100-ամյակը», - ընդգծեց Կինեմատոգրաֆիստների միության ղեկավար Հարություն Խաչատրյանը:
Արձանի հեղինակ Արա Ալեքյանը օվկիանոսի այն կողմից էր հետևում միջոցառմանը։ Քանդակագործը երկրորդ անգամ է մաեստրոյին կերտում երկաթե թափոններից ու դետալներից։ Այս անգամ արդեն՝ ոտքից գլուխ։ Այս արձանի մասին երազեց, բայց բացումը չտեսավ Փարաջանովի թանգարանի հիմնադիր-տնօրեն Զավեն Սարգսյանը։
Քանդակը բացվեց, բայց շուտով հնարավոր է տեղափոխվի։ Նախարար Ժաննա Անդրեասյանն է առաջարկել՝ արձանը տեղադրվի Կինոյի տան դիմաց ստեղծվելիք աստղային պուրակում, իսկ կից հրապարակն էլ կոչվի «Նռան գույնի» հրապարակ։
Իսկ Կինոյի տան երկրորդ հարկում Ջոկոնդաներն են իշխում, նախ թանգարանից բերված Մոնա Լիզայի փարաջանովյան կոլաժներն են, որոնք Փարաջանովը սկսեց բանտում, ավարտեց ազատության մեջ։
Ապա այդ շարքից ոգեշնչված արվեստագետ Դավիթ Գալստյանի՝ ժամանակակից ընկալումը․ արհեստական բանականության օգնությամբ կերպափոխված նոր ջոկոնդաները։
Փարաջանովին քանդակելիս հեղինակին ոգեշնչել է «սև ագռավի թռիչքը» կամ «դարի կադրը» անունով հայտնի լուսանկարը։
Այսօր հոբելյանական միջոցառումներ են նաև Ուկրաինայում ու Վրաստանում։
«Ես հայ եմ, ով ապրել է Թբիլիսիում, ազատազրկվել՝ ուկրաինական ազգայնականության համար», - ասել էր մաեստրոն, որ վաղուց է հավերժի ճամփորդի տոմս ձեռք բերել։