Պապիկյանը պնդում է՝ ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան ոչ բոլոր դեպքերն են ծառայության պատճառով

Ի՞նչ է անում Սուրեն Պապիկյանի ղեկավարած Պաշտպանության նախարարությունը, որ բանակում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը նվազեն։

Իրավապաշտպանների տվյալներով, այս տարի ոչ մարտական պայմաններում մահվան 35 դեպք է արձանագրվել։ Հակառակորդի կրակոցից 4 հոգի է զոհվել։

Ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանն Ազգային ժողովում Պապիկյանից կոնկրետ քայլերի մասին էր ակնկալում լսել, փոխարենը նախարարը բացատրում էր, թե ոչ բոլոր դեպքերն են ծառայության պատճառով։

«Զինված ուժերի ոչ մարտական կորուստների թվում գրանցվում են նա այն մարդիկ, ովքեր զինվորական ծառայության մեջ գտնվելով քաղաքացիական կյանքում, տանը, ճանապարհին տարբեր միջադեպերի արդյունքում կարող է արձանագրվել մահ: Այն, ինչ կարող է լինել սովորական քաղաքացու հետ սեփական մեքենան վարելիս աշխատանքի գնալիս, հարսանիք գնալիս, էլեկտրահարություն: Էդ բոլոր թվերն առկա են էս տարվա 33 ցուցանիշի մեջ», - արձագանքեց Պապիկյանը:

Իրավապաշտպանները հակադարձում են

Պաշտպանության նախարարի այս բացատրությունը զայրացրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին, որը տասնամյակներով զբաղվում է զինծառայողների ու բանակի խնդիրներով։

«Ի՞նչ է նշանակում էլեկտրահարություն, էսպես իմիջայլոց թվարկում էր, դրանք չի համարում զինվորի կյանք, բեկվում է ամբողջությամբ ընտանիքը, ինչպե՞ս կարելի է այդպես ելույթ ունենալ», - ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Եթե դեպքը կատարվում է ծառայության ընթացքում, ուրեմն ծառայության հետ է կապված ու բոլորի համար էլ պաշտպանության գերատեսչությունն է պատասխանատու, նախարարին հակադարձում է իրավապաշտպանը։

«Դա ծառայության հետ է կապված ու նվազեցնելով չի, մեկ զինվորի մահը պետք է գնահատել, որի ընդունակությունը չունեն, որի նկատմամբ էդ ցավը, վերաբերմունքը չունեն», - ընդգծեց Ալեքսանյանը:

Պաշտպանության ոլորտի ղեկավարը շեշտեց՝ իրենց համար մարտահրավեր են ինքնասպանության ու սպանության դեպքերը. - «Մեր մարտահրավերն էս շարքում ինքնասպանությունները, ինքնասպանության հասցնելու դեպքերը և սպանություններն են, որի համար էական աշխատանքն է տարվում»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 2024-ին զինվորական ծառայության ընթացքում ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու 5 դեպք է գրանցվել. դատախազ

«Զինված ուժերում միջանձնային հարաբերությունների, սպայակազմի պատրաստվածության, վերահսկողության և այլ խնդիրների մասով կարող ենք տեսնել, որ այստեղ դրական դինամիկա այդքան էլ չի արձանագրվել, եթե չասենք, որ ընդհանրապես դրական միտում չկա ինքնասպանությունների և սպանությունների հետևանքով մահվան դեպքերի նվազեցման ուղղությամբ կատարված աշխատանքի մասով», - ընդգծեց իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը:

Վերջին չորս տարվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ մարտահրավերն էլ նախարարությունը չի կարողանում հաղթահարել, ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանըն ու ներկայացնում իրենց կազմակերպության վիճակագրությունը. - «22 թվականին ինքնասպանության հետևանքով վեց դեպք է արձանագրվել և ևս վեց դեպք սպանության հետևանքով: 2023 թվականին ինքնասպանության հետևանքով 10 դեպք է արձանագրվել, սպանության հետևանքով՝ 4, այս տարի այս պահի դրությամբ ինքնասպանության հետևանքով՝ 8 և սպանության հետևանքով՝ 3 դեպք»:

Իրավապաշտպանը շեշտեց՝ իրենց վիճակագրությունում սպանություն են ձևակերպել նաև զենքի կանոնների խախտման հետևանքով ծառայակցի կրակոցից մահվան դեպքերը։ Ոչ մարտական պայմաններում անցած տարի մահվան 64 դեպք է եղել, 2022-ն՝ 50, 21-ին՝ 57։

Իսկ ի՞նչ վիճակագրություն ունի նախարարությունը, ոչ Սուրեն Պապիկյանը հրապարակեց, ոչ էլ Գլխավոր շտաբի պետը։ Էդվարդ Ասրյանն ասել էր, թե բանակ արատավոր երևույթները թափանցում են հասարակությունից, իրենք էլ աշխատում են արմատախիլ անել։