Եվրահանձնաժողովի գործող նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը երեկվա համաեվրոպական խորհրդարանական ընտրություններից հետո ասել է, թե ցանկանում է ԵՄ խորհրդարանում ստեղծել ուժեղ դաշինք և վստահ է, որ ինքը կարող է նոր պաշտոնավարելու մանդատ ստանալ:
«Իմ նախընտրական քարոզարշավի ընթացքում ես քրտնաջան աշխատել եմ՝ ստեղծելու լայն և արդյունավետ մեծամասնություն՝ հօգուտ ուժեղ Եվրոպայի: Մենք լավ ենք աշխատել մյուս գործընկերների հետ վերջին հինգ տարիների ընթացքում, և մենք այժմ կարող ենք ապավինել նրանց», - ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Եվս հինգ տարի ԵՄ գործադիր իշխանության ղեկավար լինելու համար Ուրսուլա ֆոն դեր Լայենին անհրաժեշտ է ապահովել Եվրամիության 27 ղեկավարների «որակյալ մեծամասնությունը», ինչպես նաև մեծամասնություն 720-տեղանոց Եվրոպական խորհրդարանում:
Երեկվա ընտրություններով կենտրոնամետ, ազատական և ընկերվարական կուսակցությունները պահպանել են մեծամասնությունը խորհրդարանում:
Այդուհանդերձ քվեարկության արդյունքները հարված են հասցրել Ֆրանսիայի և Գերմանիայի քաղաքական ղեկավարներին և հարցականի տակ դրել Եվրոպական միությունում քաղաքականություն թելադրելու և առաջնորդելու եվրոպական այդ երկու առաջատար տերությունների ունակությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ում Եվրախորհրդարանի ընտրություններ են