Ըստ Կիևի՝ ռուսական կողմը առնվազն 61 ուկրաինացի զինվորի է մահապատժի ենթարկել պատերազմի ընթացքում
Ուկրաինայի օմբուդսմենը դիմել է ՄԱԿ-ին և Կարմիր խաչին` սոցիալական ցանցերում տարածված տեսանյութի առթիվ, որում ենթադրաբար ռուս զինվորները թրատում են ուկրաինացի մի զինվորի։ Նրա ձեռքերն այդ պահին կապված են եղել։ Սրի վրա, որով սպանել են ուկրաինացուն, գրված է եղել «Կուրսկի համար», հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները։
Անկախ աղբյուրներով այդ տեսանյութի իսկությունն առայժմ անհնար է ստուգել։ Կիևը պնդում է՝ մինչ օրս՝ արդեն ավելի քան երկուսուկես տարի շարունակվող պատերազմում, ռուսական կողմն առնվազն 61 ուկրաինացի զինվորների է մահապատժի ենթարկել։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցն իր հերթին հաղորդել էր ուկրաինացի զինվորների կտտանքների ու խոշտանգման բազմաթիվ դեպքերի մասին։
Վնասվել է Սումիի էներգետիկ համակարգը
Ռուսները շարունակում են ամենօրյա ռեժիմով ռմբակոծել ուկրաինական քաղաքներն ու կենսական նշանակության ենթակառուցվածքները։ Այս գիշեր թիրախում էր Սումին, որին հարվածել են 16 անօդաչուներով։
«Վնասվել է էներգետիկ համակարգը, քաղաքը մնացել է առանց էլեկտրականության և ջրի։ Կապն էլ շատ վատն է։ Առնվազն մեկ մարդ վիրավորվել է», - ասել է տեղի բնակիչներից մեկը։
Թե Ուկրաինայում, թե Արևմուտքում կանխատեսում են, որ առաջիկա ամիսներին ռուսական կողմն ավելի ինտենսիվ է ռմբակոծելու Ուկրաինայի էներգետիկ օբյեկտները՝ ձմռան շեմին նորանոր խնդիրներ ստեղծելու համար։ Ի պատասխան Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է հավելյալ հարյուր միլիոն եվրոյի օգնության մասին. - «Ձմեռ է գալիս, և Ռուսաստանի հիբրիդային պատերազմը նշանակում է ևս մեկ ձմեռային պատերազմ, ռուսների նպատակն է հնարավորինս սարսափելի դարձնել մարդկանց կյանքը Ուկրաինայում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարվածներ ուկրաինական Կոնոտոպ քաղաքին, կան տուժածներՌմբակոծության տակ է եղել նաև Ռուսաստանի տարածքը
Անցած գիշեր ռմբակոծության տակ էր նաև Ռուսաստանի տարածքը։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է Բրյանսկի և Կուրսկի մարզերում խոցված տասնյակ անօդաչուների մասին։ Երկկողմ այս հարվածների հետևանքով անցած երկուսուկես տարում մեկ միլիոն մարդ է զոհվել կամ վիրավորվել, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ուկրաինական աղբյուրներին ու արևմտյան հետախուզության տվյալներին։
Ըստ ամերիկյան հրապարակման՝ ուկրաինական կողմից սպանվել է 80 հազար զինվոր, 400 հազարը՝ վիրավորվել։ Ռուսական բանակում զոհերին հաշվելն առավել բարդ է, բայց ըստ հրապարակման՝ Պուտինի բանակը կորցրել է մոտ 200 հազար զինվորական, 400 հազարը վիրավորվել են։ Ստույգ թվեր նշելը, սակայն, դժվար է, քանի որ կողմերը տևական ժամանակ է՝ պաշտոնական տվյալներ չեն հրապարակել։
Առաջիկա օրերին Զելենսկին մեկնելու է ԱՄՆ
Պատերազմը կշարունակվի, քանի դեռ «մենք չենք կարողացել ստիպել Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ» Կիևի համար ընդունելի օրակարգով, հայտարարում են Ուկրաինայի ղեկավարները։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին շարունակում է պնդել, որ դրան հասնելու համար Արևմուտքը պետք է հավելյալ զենք տա ուկրաինական բանակին, ինչպես նաև այդ զենքով Ռուսաստանին հարվածելու թույլտվություն։ Օրեր առաջ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն այս հարցով բանակցելու համար մեկնել էր Ամերիկա, սակայն Վաշինգտոնում դիրքորոշման փոփոխություն առայժմ չկա, երեկ հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ Կիևում, սակայն, հույսը չեն կորցնում։
Կիևը չի նախատեսում պատերազմի սառեցում կամ տարածքներից հրաժարում
Առաջիկա օրերին Զելենսկին մեկնելու է ԱՄՆ, ինչպես ինքն էր ասել, խաղաղության իր ծրագիրը ներկայացնելու։ Այդ ծրագրից մանրամասներ դեռ չեն հրապարակվել։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, սակայն, «Ազատության» “Настоящее время” ծրագրին տված հարցազրույցում պնդել է՝ Կիևը չի նախատեսում պատերազմի սառեցում կամ տարածքներից հրաժարում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևը հաստատում է ռուսների հակահարձակումը Կուրսկի մարզում, պնդում՝ ամեն ինչ իր պլանով է«Այդ մասին նախագահը բազմիցս է խոսել, և դա մեր առաջնային դիրքորոշումն է՝ հակամարտության սառեցում չի կարող լինել, քանի որ դա չի բերի պատերազմի ավարտի, այլ հնարավորություն կտա Ռուսաստանին հավելյալ ուժեր կուտակել և շարունակել պատերազմն արդեն երրորդ փուլով՝ զանգվածաբար սպանելով Ուկրաինայի խաղաղ բնակիչներին։ Ուստի, տարածքներից հրաժարման կամ հակամարտության սառեցման որևէ հայեցակարգ մեր կողմում չկա», - շեշտել է նա։
Պոդոլյակը միաժամանակ նշել է, որ Զելենսկու կողմից մշակված ծրագրում խոսք կա Կուրսկի մասին, որի տասնյակ բնակավայրեր մեկ ամիս առաջ անցել են ուկրաինական ուժերի վերահսկողության տակ։ Այլ մանրամասներ Կիևը չի հաղորդել։ Հայտնի է միայն, որ Զելենսկին այս շաբաթավերջին ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում։