Ուկրաինա ներխուժումից ի վեր կիրակի օրն առաջին անգամ ուկրաինական ռազմական ինքնաթիռը Ռուսաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում թիրախ է խոցել, հաղորդում է բրիտանական Sky News-ը՝ վկայակոչելով ուկրաինական ռազմական աղբյուրը։
Sky News-ը նշում է, որ հայտնի չէ, թե ուկրաինական կողմն ինչ զինատեսակներ է կիրառել, և արդյոք հարվածներն իրականացվել են արևմտյան երկրների կողմից մատակարարվող հրթիռներով։
Ըստ Sky News-ի անանուն աղբյուրի՝ հարված է հասցվել, մասնավորապես, Բելգորոդի շրջանում գտնվող հրամանատարական կետին։
«Չնայած վնասի գնահատում է դեռ իրականացվում, սակայն հաստատված է, որ այն ուկրաինական ռազմաօդային ուժերի կողմից առաջին ուղիղ ավիահարվածն է Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախին», - ասել է աղբյուրը։
Պաշտոնապես ո՛չ ռուսական և ոչ ուկրաինական կողմը չեն մեկնաբանել Sky News-ի հաղորդումը։
Մայիսի վերջին հայտնի դարձավ, որ Ուկրաինային զենք մատակարարող ամենախոշոր երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, վերացրել են Ուկրաինայի կողմից Ռուսաստանի թիրախների դեմ իրենց զենքի կիրառման որոշ սահմանափակումներ։
Կիրակի կեսօրին հաղորդվեց Բելգորոդի շրջանում խոշոր հրդեհի մասին։ Տելեգրամյան մի շարք ալիքներ պնդեցին, թե հնարավոր է զինամթերքի պահեստ է խոցվել։ Ռուսական իշխանությունները հայտարարեցին, որ ոչ բնակելի շենք է այրվում, Ռուսաստանի ռազմական գերատեսչությունն էլ նշեց, որ Բելգորոդի շրջանում անօդաչու թռչող սարք է խոցվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նիդեռլանդները չի սահմանափակում Կիևին փոխանցվող F-16 կործանիչների հնարավոր կիրառման ազատությունը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը չի աջակցում հարվածները ՌԴ-ին, Ուկրաինան ինքն է որոշում․ Բլինքեն