Որևէ երկրի ինքնիշխանություն չպետք է անտեսվի, այսօր Թեհրանում, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպմանը, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
IRNA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ, նախագահ Փեզեշքիանն ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպմանը նաև պնդել է՝ տարածաշրջանում երրորդ երկրների ներկայությունը հակասում է տարածաշրջանային երկրների շահերին։ Փեզեշքիանը չի հստակեցրել, թե որ երկրներին նկատի ունի։
Աղբյուրի համաձայն, Իրանի նախագահը դժգոհել է նաև ադրբեջանա-իրանական ցամաքային սահմանը փակ պահելու որոշումից։
Ավելի քան չորս տարի է Ադրբեջանի կառավարությունը շարունակում է փակ պահել հարևանների հետ ցամաքային սահմանները՝ որոշումը պայամանավորելով COVID 19-ի համաճարակով։
«Իսլամական երկրները պետք է բացեն իրենց շուկաները միմյանց առաջ, որպեսզի գործարարները կարողանան հեշտությամբ աշխատել միասին», - հայտարարել է Փեզեշքիանը։
Միաժամանակ, ըստ IRNA գործակալության, Իրանի նախագահը կարևորել է Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության ընդլայնումը և ողջունել երկու երկրների միջև երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիների ստեղծումը։
Իրանը բազմիցս հայտարարել է, որ ողջունում է Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության շրջանակներում՝ նշելով, որ դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Իրանը «Զանգեզուրի միջանցքը» վնասաբեր է համարում Հայաստանի համար». Թեհրանն ու Երևանը քննարկել են ապաշրջափակման հարցը