«Նրանք ընդհանրապես պատրաստ չեն». հյուսիսկորեացի նախկին զինվորականը՝ Փհենյանից Կուրսկ ուղարկված զինվորների մասին

Հյուսիսային Կորեայի բանակի վարժանքը, 15-ը մարտի, 2024թ.

Նրանք պատերազմի փորձ չունեն. Հյոնսըն Լի

Հյուսիսային Կորեայի ժողովրդական բանակի էլիտար «հարձակողական կորպուսի» զինվորները, հնարավոր է, կոմունիստական երկրի հպարտությունն են, բայց, ինչպես զգուշացնում է նրանց նախկին զինակիցը, նրանք պատերազմի փորձ չունեն և արդեն երկու տարուց ավելի ծանր մարտերի մեջ գտնվող ուկրաինացիների հետ բախման գնալով՝ պարզապես թնդանոթի միս են դառնալու:

Այս տեսակետը «Ազատությանը» փոխանցել է 2000-ականների սկզբում հյուսիսկորեական բանակում 3,5 տարի անցկացրած Հյոնսըն Լին։ Նա ծառայել է հրետանային և հետախուզական գումարտակում, վերապատրաստումն անցել հարձակողական կորպուսի հետ, որի անդամները, ենթադրվում է, ուղարկվել են Ռուսաստան։

Կուրսկի մարզի հարավ-արևմուտքում հյուսիսկորեական զորքերն արդեն հայտնվել են ուկրաինական կրակի տակ։

«Նրանք բացարձակապես պատրաստ չեն նման մարտերի», - «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասել է Լին, որը 10 տարի առաջ փախել է Փհենյանից և այժմ բնակվում է Միացյալ Նահանգներում:

Արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող բռնապետական երկիրը փակ է արտաքին աշխարհի համար։ Լին, սակայն, պատմել է, որ հյուսիսկորեացի բոլոր տղամարդիկ 17 տարեկանից՝ 10 տարի ծառայում են բանակում։

«Նրանք երբեք չեն մասնակցել խոշոր բախումների», - ասել է Լին՝ խոսելով Ռուսաստան ուղարկված զորքերի մասին։ «Նրանք մարտական փորձ ընդհանրապես չունեն»:

Ամիսներ առաջ Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան ռազմական դաշինք կնքեցին՝ խոստանալով մեկը մյուսին օգնության գալ հարձակման դեպքում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական և հյուսիսկորեական 50 հազարանոց զորքը պատրաստվում է Կուրսկի բնակավայրերն ուկրաինական կողմից ետ գրավելու համար․ NYT

Հյուսիսկորեացի զինվորները մի քանի ամսում «չէին կարող յուրացնել անօդաչուներն ու ժամանակակից սարքավորումները»

Կիևը հայտարարում է, որ ուկրաինական հետախուզության տվյալներով՝ Կուրսկի մարզում, որտեղ տասնյակ բնակավայրեր օգոստոսից անցել են ուկրաինական ուժերի վերահսկողության տակ, արդեն տեղակայվել է 11 հազար հյուսիսկորեացի զինվոր։

Ուկրաինական ռազմական հետախուզության տեղեկություններով՝ Ռուսաստանը հյուսիսկորեացի այս զինվորներին տրամադրել է հարձակողական հրացաններ, հակատանկային հրթիռներ և նռնականետներ, ինչպես նաև ավելի առաջադեմ տեխնոլոգիաներ, ներառյալ գիշերային տեսանելիության, լուսային նշանառության սարքեր։

Հյուսիսային Կորեացի նախկին զինվորական Հյոնսըն Լին, արխիվ

«Այս ամենը կարող է խնդիրներ ստեղծել հյուսիսկորեացի զինվորների համար, որոնք «ծանոթ չեն այս սարքավորումներին», - ասում է Լին։

Թեև հյուսիսկորեական զորքը որոշակի պատրաստություն է անցել Ռուսաստանում, սակայն, ամենայն հավանականությամբ, դա եղել է մակերեսային, կարծում է նա, հավելելով՝ մի քանի ամսում զինվորները «չէին կարող յուրացնել անօդաչուներն ու ժամանակակից սարքավորումները, ինչը նրանց էլ ավելի խոցելի կդարձնի»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինական բանակն արդեն իսկ առճակատման մեջ է մտել հյուսիսկորեացիների հետ. FT

«Նրանք իրենց կյանքը վտանգելու դիմաց գումար չեն ստանալու»

Լին, որը հիմնադրել է Վաշինգտոնում գործող Հյուսիսային Կորեայի երիտասարդ առաջնորդների վեհաժողովը, հիմա փորձում է սոցիալական ցանցերի միջոցով համոզել իր հայրենակիցներին չմասնակցել այս պատերազմին. «Անիմաստ է զոհել Ձեր կյանքն օտար հողում»,-գրում է նա։

Լին ասում է, որ վերջին անգամ Հյուսիսային Կորեան արտասահման զորք է ուղարկել վիետնամական պատերազմի ժամանակ, որը ավարտվեց գրեթե 50 տարի առաջ։ Այդ ժամանակից ի վեր, ըստ նրա, Փհենյանը միայն փոքրաթիվ սպայական կազմ է ուղարկել աֆրիկյան երկրներ՝ որպես հրահանգիչներ և խորհրդատուներ։

Լին ասում է, որ Ժողովրդական բանակում ծառայության ընթացքում նրանք հազվադեպ են մարզվել ծանր զենքերով՝ վառելիքի պակասի պատճառով։

Լիի խոսքով՝ Հյուսիսային Կորեայի բանակում բոլոր տեղաշարժերը կատարյալ գաղտնի են, ուստի զինվորներին, ամենայն հավանականությամբ, չեն հայտնել, որ իրենց ուղարկում են Ռուսաստան։ Միայն տեղ հասնելուց հետո, ասում է նա, նրանք կհասկանան, որ հայտնվել են այլ երկրի առաջնագծում։

Չնայած հաղորդվում է, որ Ռուսաստանը պատրաստվում է հյուսիսկորեացի զինվորներին ամսական 2 հազար դոլար վճարել, փորձագետները և նախկին զինվորները վստահ են՝ այդ գումարը կգնա Հյուսիսային Կորեայի պետական բյուջե։

«Նրանք իրենց կյանքը վտանգելու դիմաց գումար չեն ստանալու», - հավելում է Լին, շեշտելով, որ Հյուսիսային Կորեայում զինվորները պարտավոր են անվերապահորեն կատարել առաջնորդ Կիմ Չեն Ընի հրամանները։

«Նրանց ծնողները և ընտանիքները նույնպես հատուցում չեն ստանալու», - ընդգծում է նա։