171 նոր ավտոբուսները գիծ կմտնեն ոչ թե սեպտեմբերի 1-ից, ինչպես նախօրոք հայտարարվել էր, այլ հունվարի սկզբից, այսօր Երևանու ավագանու հերթական նիստի ժամանակ հայտարարեց ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը գործակարգավարական վերջին նիստում տեղեկացրել էր, որ այդ ավտոբուսները Երևան կհասնեն սպասվածից ուշ՝ հոկտեմբերի վերջին-նոյեմբերի սկզբին:
Միասնական տոմսային համակարգը ևս պետք է ներդրվեր սեպտեմբերից։ Գալջյանը, սակայն, այսօր տեղեկացրեց, որ այդ համակարգը կներդրվի ավտոբուսների գիծ մտնելու օրը, իսկ հետաձգման պատճառները, ըստ նրա, տեխնիկական են։
Քաղաքապետարանը մարտին ընդունեց տրանսպորտի թանկացման ու միասնական տոմսային համակարգին անցնելու որոշումը։ Քաղաքային իշխանությունը հայտարարեց, որ տրանսպորտային նոր համակարգը հնարավոր չէ հին գներով շահագործել:
Միասնական տոմսային համակարգով ամսական փաթեթը 8 հազար 800 դրամ է, տարեկանը՝ 88 հազար դրամ, 90 օրվանը՝ 23 հազար 600 դրամ։ Սրանք անսահմանափակ փաթեթներն են, իսկ օրականը՝ 280 և 300 դրամ՝ սա 90 րոպեի համար։
Ընդդիմությունը տոմսային համակարգի ընդունումը տրանսպորտի թանկացման նախագիծ է որակել:
Համակարգի ամբողջական ներդրումը նախատեսվում էր ավարտել մինչև սեպտեմբեր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանցիներն արձագանքում են տրանսպորտի սակագների փոփոխությանը