Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մայա Սանդուին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մոլդովայի նախագահական ընտրություններում հաղթած Մայա Սանդուին։

Վարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ Փաշինյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. - «Շնորհավորում եմ Մոլդովայի նախագահական ընտրություններում Ձեր հաղթանակի կապակցությամբ: Հայաստանի և Մոլդովայի հարաբերությունների շարունակական զարգացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է։ Վստահ եմ, որ առաջիկա տարիների ընթացքում համատեղ ջանքերով կկարողանանք ընդլայնել և ավելի ամրապնդել պատմական սերտ առնչությունների, ժողովրդավարության հիմնարար արժեքների վրա խարսխված երկկողմ հարաբերությունները»։

Մոլդովական ընտրությունների արդյունքներին Փաշինյանն անդրադարձել է նաև X-ի իր օգտահաշվում գրառմամբ՝ նշելով. - «Անհամբերությամբ սպասում եմ մեր համատեղ աշխատանքին, որն ուղղված կլինի մեր պատմական կապերի և ժողովդրավարության հիմնարար արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը»։

Մոլդովայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքներով՝ գործող եվրոպամետ նախագահ Մայա Սանդուն հաղթել է՝ ստանալով քվեների մոտ 55 տոկոսը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մոլդովայի նախագահը շնորհավորանքներ է ստանումՍանդուն հաղթում է ձայների 54,97 տոկոսով՝ ըստ նախնական տվյալների