Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան։
Մոսկվայում Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի այս տարվա չորրորդ հերթական նիստը:
ՏԱՍՍ-ը նշում է, որ նիստի օրակարգում ինտեգրման հետագա խորացման, ինչպես նաև էներգետիկայի, արդյունաբերության և էլեկտրոնային առևտրի զարգացման ոլորտներում համագործակցության ընդլայնման հերցեր են։
Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովն անցկացվել է այս տարվա հոկտեմբերի 1-ին Երևանում։
Հայաստանը 2024-ի հունվարից 1 տարով ստանձնել է ԵԱՏՄ նախագահությունը։
ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սրման ֆոնին թեև Երևանը բոյկոտում է Մոսկվայի առաջնորդած կառույցների նիստերը, սակայն հայտարարել է, որ կարևորում է ԱՊՀ-ի ու ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը՝ նշելով, որ ԱՊՀ-ն համագործակցության մի հարթակ է, որը Հայաստանին օգուտ է տալիս, իսկ «ԵԱՏՄ-ի հետ կապված, նույն տնտեսական գոտում է գտնվում»։
ԵԱՏՄ կառույցի բարձագույն խորհրդի նստերը պետք է անցկացվեն նախագահող երկրում: Սակայն, օրինակ, տարեվերջյան՝ դեկտեմբերի 25-ի հավաքն անցկացվելու է Ռուսաստանի տարածքում՝ Հայաստանի խնդրանքով։
Արտգործնախարարությունը պարզաբանեց, թե դեռ այս տարվա մայիսի 8-ին Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին է որոշվել հաջորդ նիստն անցկացնել Սանկտ Պետերբուրգում, և որ ԵԱՏՄ շրջանակներում գործող կանոնակարգով նախատեսված չէ, որ բարձրագույն խորհրդի նիստն անպայմանորեն անցկացվի ԵԱՏՄ նախագահող պետությունում:
Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ ասաց, որ աննպատակահարմար է համարել ԵԱՏՄ միջոցառման անցկացումը Հայաստանում, որովհետև հայտնի հանգամանքների բերումով, ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի ոչ բոլոր անդամներն են ցանկալի Հայաստանի համար։
2025-ին ԵԱՏՄ նախագահության իրավունքը կփոխանցվի Բելառուսին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչո՞ւ է հայկական կողմը խնդրել ԵԱՏՄ նիստն անցկացնել Ռուսաստանում, ոչ թե Երևանում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անդամ երկրների ղեկավարներն են որոշել ԵԱՏՄ հերթական նիստն անցկացնել Սանկտ Պետերբուրգում. ԱԳՆ խոսնակ