Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը համարում է, որ արդեն ութ ամիս ավագանու որևէ նիստ չգումարած Վանաձորում կառավարման ճգնաժամ չկա:
«Մենք, ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով, հաղթահարել ենք Վանաձորում գոյություն ունեցող իրական քաղաքական ճգնաժամը», - երեկ ասուլիսին հայտարարեց նախարարը։
Ավելին, ինչպես նախորդ նախարար Գնել Սանոսյանն էր բազմիցս պնդել, Դավիթ Խուդաթյանը ևս նշեց, որ Վանաձորում նախորդ տարի մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել, և որ ավագանու նիստեր չգումարելն ամենևին չի խանգարել դրան: Նա վստահեցրեց, թե այդ աշխատանքն ավելի մեծ ծավալով կիրականացվի 2025-ի ընթացքում «մինչև պրոցեսի ամբողջական հանգուցալուծումը»։
Ինչպե՞ս է ստացվում, որ, ըստ էության, չգործող ավագանիով Վանաձորում ամեն ինչ հրաշալի է, իրականացվող աշխատանքներն էլ գոհացնում են իշխանություններին, ինչպե՞ս է ավելի մեծ ծավալի աշխատանքների խոստում տալիս նախարարը վանաձորցիներին, եթե համայնքը նոր ծախսեր ենթադրող նոր բյուջե չունի: Չնայած անցած տարի քննարկվեցին սուբվենցիոն նոր ծրագրեր, բայց դրանք այդպես էլ չհաստատվեցին, դարձյալ ավագանու նիստ չգումարելու պատճառով: Տեղական ինքնակառավարման գծով փորձագետ Գևորգ Քոթանջյանը շեշտում է, որ վարչապետի նշանակած համայնքապետի պաշտոնակատարն անցած տարի այդպես էլ ծախսերի կիսամյակային ու տարեկան հաշվետվություններով հանդես չի եկել, ինչն օրենքի պահանջ է:
«Սա մոտավորապես նույն պատասխանը կհնչի, ինչ Նիկոլ Փաշինյանը ժամանակին ասում էր, որ աղքատությունը մարդկանց գլխում է, հիմա ճգնաժամը նախարարությունում է։ <> Երբ դա համարվում է նորմալ նախարարի կողմից, սա ևս փաստացի ոչ քաղաքական և ոչ պետական մոտեցում է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Քոթանջյանը։
Նախարարը, ի տարբերություն փորձագետի, սա էլ խնդիր չի համարում. - «Առկա իրավիճակը կհանգուցալուծենք, որպեսզի որքան հնարավոր է շուտ այնտեղ անցնենք բնականոն կառավարման ռեժիմին»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վանաձորը 2025-ը դիմավորում է առանց բյուջեի, սուբվենցիոն ծրագրերի ու գլխավոր հատակագծիՀունվարի 21-ին վարչական դատարանը կքննի «Լուսավոր Հայաստանի» դիմումը, որով կուսակցությունը հրաժարվել է իր 3 տարի առաջ ներկայացրած հայցից: Դատարանն ամենայն հավանականությամբ կհանի ավագանու գործողությունների վրա դրված արգելանքը, որով երեք տարի ՏԻՄ մարմինը չի կարողացել համայնքի ղեկավար ընտրել: Ասուլիսում ՏԿԵ նախարարը չբացառեց, որ դատարանի որոշումից հետո կգնան նոր, արտահերթ ընտրությունների: «Քաղաքացիական պայմանագիրն» իր թեկնածուին այստեղ էլ կորոշի փրայմըրիզի ճանապարհով, ինչպես Գյումրիում ու Փարաքարում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատարանը հունվարին կքննի ԼՀԿ-ի՝ հետընտրական հայցից հրաժարվելու դիմումըՀամայնքապետարանից հրաժարվում են պատասխանել, թե ինչու՞ Վանաձորի գործող իշխանությունները չգումարեցին ավագանու նիստ: Անցած տարի ամռանը կալանքից ազատված ավագանու ամենամեծ ընդդիմադիր, նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավորած խմբակցությունը կարող էր դադարեցնել բոյկոտն ու ներկայանալ նիստերին, բայց համայնքապետարանն այդպես էլ ավագանու նիստ չնախաձեռնեց: