Մոսկվան Երևանին զգուշացնում է ԵՄ անդամակցության գործընթացի հետևանքների մասին

Եվրամիության և Հայաստանի դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի կենտրոնակայանի դիմաց, արխիվ

Ռուսաստանը Հայաստանի կողմից Եվրամությանն անդամակցելու գործընթացի քննարկումը դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու սկիզբ, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ բարձրաստիճան պաշտոնյան ասել է, թե Մոսկվան Հայաստանի նկատմամբ իր տնտեսական քաղաքականությունը կառուցելու է այդ հանգամանքը հաշվի առնելով։

«ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն անհամատեղելի են: Երկու միություններն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ։ Անհնար է պատկերացնել, որ այս երկու միությունները ինչ-որ պահի կմիավորվեն։ Ուստի Հայաստանի Հանրապետությունում քննարկվող «Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին» օրենքի նախագիծն այս երկիրը դնում է ընտրության առաջ», - նշել է Օվերչուկը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան Երևանի կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթացի քննարկումը դիտարկում է իբրև ԵԱՏՄ-ից ելքի սկիզբ

Կառավարությունը երեկ հավանություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի նախագծին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում շեշտել էր՝ օրինագծի ընդունումը չի նշանակում Եվրամիությանն անդամակցություն։ Ասել՝ այդ հարցով անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել։

Մինչ հանրաքվեն, սակայն, պետք է Հայաստանն ու Եվրամիությունը անդամակցության վերաբերյալ ստորագրված փաստաթուղթ ունենան։ Մինչդեռ պաշտոնական Բրյուսելը մինչ այժմ հրապարակավ չի հայտարարել Հայաստանին Եվրամիության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու կամ Միության կազմում տեսնելու ցանկության մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տեղյակ ենք Հայաստանի կառավարության որոշման մասին և կուսումնասիրենք այն. ԵՄ դեսպան  

«Էս օրենքի ընդունումից հետո մենք Եվրամիության հետ պետք է քննարկենք էն ճանապարհային քարտեզը, որոնք իրենք են պատկերացնում և որը մենք ենք պատկերացնում, և մենք պետք է իրար հետ ճանապարհային քարտեզ մշակենք», - երեկ Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կառավարությունը հավանությունն տվեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի նախագծին

Հայաստանի վարչապետը չանդրադարձավ՝ արդյոք Երևանը ծրագրում է միևնույն ժամանակ դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։ Գործադիրից այսօր այդ հարցով հորդորեցին դիմել Արտգործնախարարություն։ Գերատեսչությունից, սակայն, հավելյալ մեկնաբանություն չտվեցին, ասելով՝ Կառավարության մոտեցումը հնչել է գործադիրի երեկվա նիստում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ անդամակցության գործընթացին առնչվող որոշումը համահունչ է ՀՀ քաղաքացիների ձգտումներին. Միրզոյան

Ինչ-որ պահի Երևանը պետք է ընտրություն կատարի. Եղոյան

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի խոսքով՝ ինչ-որ պահի Երևանը պետք է ընտրություն կատարի՝ ո՞ր միության կազմում է իրեն տեսնում, բայց թե ե՞րբ, ուղիղ չասաց։

«Եթե մենք էնտեղ հասնենք մի էնպիսի փուլի, որ արդեն պետք է դառնանք այդ մաքսային միության անդամ, կամ նույնիսկ ունենանք այնպիսի ազատ առևտրի համաձայնագիր, ինչպիսիք, օրինակ, ունեն Վրաստանը, Մոլդովան, ապա, այո, էդ հարցը կծագի», - ասաց Եղոյանը:

Դեռևս հայտնի չէ՝ երբ է քննարկելու Ազգային ժողովը Եվրամիությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ օրինագիծը։ Այն դեռ չի ընդգրկվել խորհրդարանի օրակարգում։ Դրա ընդունումն, ըստ իշխանական պատգամավորի, կնշանակի, որ Հայաստանը գնում է Եվրամիությանն անդամակցության ճանապարհով։ Արդյոք իշխող ուժում չեն կարծում, որ Երևանի այս քալը կարող է քաղաքական ծանր հետևանքներ ունենալ Ռուսաստանի կողմից։

«Դրան կարող են հետևել բնական, այսինքն՝ Մաքսային միության հետ կապված հետևանքներ», - ընդգծեց Եղոյանը՝ հնարավոր քաղաքական հետևանքների մասին ասելով. - «Դա իրենց ընտրությունն է արդեն: Այսինքն՝ իրենք կարող են նորմալ հարաբերություններ ունենալ Վրաստանի հետ, նորմալ հարաբերություններ ունենալ, օրինակ, չգիտեմ, ԵՄ անդամ, անունները չտամ, երկրների հետ, առևտրաշրջանառություն ունենալ ԵՄ անդամ երկրների հետ, դա ո՞նց է ստացվում, էդ հատվածը, էլի: Այսինքն՝ ստացվում է, որ ԵԱՏՄ անդամ լինելը ինչ-որ մի ինչ է մեզ համար՝ շղթա»:

Իսկ Մոսկվայում արդեն թվեր են հնչեցնում, թե ինչ հետևանքների կհանգեցնի ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը երեկ համոզմունք է հայտնել. որ ԵԱՏՄ-ի հետ կապերի դադարեցման դեպքում Հայաստանում կաճեն էներգիայի և սննդամթերքի գները, 70-80 տոկոսով կկրճատվի արտահանումը:

Միայն անցած տարվա առաջին ինը ամիսների տվյալներով՝ Հայաստանի արտաքին առևտրի 42 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին, Եվրամիությանը՝ միայն 7.3 տոկոսը։ Հայաստանը նաև մեծ էներգետիկ կախվածություն ունի Ռուսաստանից։