Մոսկվան Երևանի կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթացի քննարկումը դիտարկում է իբրև ԵԱՏՄ-ից ելքի սկիզբ

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ, արխիվ

Ռուսաստանը Հայաստանի կողմից Եվրամությանն անդամակցելու գործընթացի քննարկումը դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միությունից ելքի սկիզբ, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ խոսելով այսօր ՀՀ կառավարության հավանությանն արժանացած օրինագծի մասին:

Ռուսաստանը Հայաստանի հետ իր տնտեսական քաղաքականությունը կկառուցի այդ հանգամանքը հաշվի առնելով, ասել է Օվերչուկը:

Միաժամանակ, ընդգծել է ՌԴ փոխվարչապետը, դա Հայաստանի ինքնիշխան ընտրությունն է, որի իրավունքը երկիրն ունի:

Ըստ Օվերչուկի՝ Հայաստանի մուտքը Եվրամիություն անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միությանը երկրի անդամակցության հետ: Նա համոզմունք է հայտնել, որ ԵԱՏՄ-ի հետ կապերի դադարեցման դեպքում երկրում կաճեն էներգիայի և սննդամթերքի գները, 70-80 տոկոսով կկրճատվի արտահանումը:

ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ, հետևաբար պատկերացնել, որ այդ երկու միությունները կարող են ընդհանուր կետ ունենալ, անհնար է, ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասել է Օվերչուկը և հավելել, թե այդ օրինագիծը Հայաստանին ընտրության առաջ է կանգնեցնում:

«Այդպիսով, սովորական մարդիկ կկորցնեն եկամուտներ, աշխատանք և կսկսեն ավելի շատ վճարել ամենաանհրաժեշտի համար: Փոխարենը, նրանք, ամենայն հավանականությամբ, կստանան առանց վիզայի ճամփորդելու հնարավորություն, իսկ Հայաստանը կզրկվի բնակչությունից», - կանխատեսել է ՌԴ փոխվարչապետը:

Օվերչուկը նաև պնդել է՝ այժմ ակնհայտ է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելն արտոնություն է, իսկ տնտեսական և սոցիալական խնդիրների բախվող ԵՄ-ին անդամակցելը նման է «Տիտանիկ»-ի տոմս գնելուն:

ՌԴ փոխվարչապետի համոզմամբ՝ եթե օրինագծի հեղինակներն ազնիվ լինեին, այն կլրացնեին հոդվածով, որ դրա ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանը դադարեցնում է անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Իսկ նման հոդվածի բացակայությունը, ըստ Օվերչուկի, նշանակում է, որ հեղինակներն իրենց հաշիվ են տալիս ԵԱՏՄ-ից ելքի հետևանքների մասին:

Հայաստանի կառավարությունն այսօր հավանություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի նախագծին։ Դրա հեղինակներն արևմտամետ «Եվրաքվե»-ի անդամներն են։ Նրանք օրինագիծն Ազգային ժողով մտցնելու համար մինչև անցած տարվա նոյեմբեր հավաքել էին օրենքով անհրաժեշտ 50 հազարից ավելի՝ 60 հազար ստորագրություն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ օրինագծի ընդունումը չի նշանակում Եվրամիության անդամակցություն՝ այդ հարցով անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել։

Մինչ այդ, օրինագիծը դեռ պետք է քննարկվի Ազգային ժողովում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին