Հայաստանը Ռուսաստանից պաշտոնական ծանուցում չի ստացել Ռուսաստան մատակարարվող հայկական կոնյակի որակի հետ կապված խնդիրների մասին, Հայաստանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից են հայտնել ՏԱՍՍ-ին։
ՏԱՍՍ-ն ավելի վաղ գրել էր, թե «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիան և Ռուսաստանի կոնյակ, սպիրտ և ալկոհոլային խմիչք արտադրողների միությունը համատեղ հետազոտություն են անցկացրել և պարզել, որ ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90 տոկոսն անվտանգ չեն, իսկ արտադրանքի մոտ կեսում ոչ խաղողի սպիրտ է:
Պարզաբանվում է, որ ուսումնասիրության համար ձեռք է բերվել ավելի քան 20 ապրանքանիշի շուրջ 200 նմուշ՝ 10 խոշորագույն հայկական արտադրողներից։
Կեղծարարության դեմ պայքարի ասոցիացիան դիմումներ է ուղարկել Գլխավոր դատախազություն, Դաշնային մաքսային ծառայություն և «Ռոսալկոգոլտաբակկոնտրոլ»՝ Հայաստանից ներկրվող ալկոհոլային արտադրանքի նկատմամբ լրացուցիչ հսկողության միջոցներ ձեռնարկելու խնդրանքով։
Հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին՝ այս տարվա մարտին «Ռոսսելխոզնադզոր»-ը ժամանակավոր սահմանափակումներ էր կիրառել հայկական Max Fish ընկերության արտադրանքի նկատմամբ: Ընկերությունն այստեղ քաղաքական ենթատեքստ էր տեսել: Իսկ նախորդ տարվա դեկտեմբերի 28-ից մինչև փետրվարի 12-ն էլ հայկական «Ջերմուկ Գրուպ»-ի առանձին խմբաքանակների վաճառքն էր արգելել Ռուսաստանում: Ըստ Մոսկվայի՝ խնդիրներ էին առաջացել նաև հայկական կաթնամթերքի, պտուղ բանջարեղենի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը Ռուսաստանին կոնյակի հիմնական մատակարարն է